Hayzinvor.am-ը գրում է.
Նրանք կասեցրել են հակառակորդի խոշոր ուժերի ճեղքումը հարավարեւելյան ուղղությամբ:
♦♦♦
Նրանք պատրաստ էին սխրանքի, անձնազոհության, բայց ոչ՝ հողը տալուն:
♦♦♦
Նրանք երիտասարդ տղաներ են, որ կռվեցին եւ հաղթեցին իրենց համբերության ու վճռականության շնորհիվ:
ԼԵՎՈՆ
Հատուկ նշանակության խմբի հրամանատար,
ավագ լեյտենանտ, «Արիության» մեդալակիր
Հրետանային եւ հրաձգային զենքերի մարտ էր:
Ապրիլի 2-ի առավոտյան հրամանով շարժվեցինք առաջնագիծ:
Հակառակորդը գրավել էր մեր դիրքերից մի քանիսը: Անձնակազմը կռվել էր մինչեւ վերջ: Գրավված դիրքերից 200 մետր էինք հեռու: Պիտի այդ կարեւոր հենակետը պահեինք, որ թշնամին չառաջանար: Չորս հոգով էինք, հետո ստորաբաժանումից էլի տղաներ միացան մեզ: Ամրացանք դիրքում: Քողարկվեցինք: Մեծ քանակությամբ զինամթերք էինք վերցրել. երկար մարտեր էին սպասվում: Գրոհներով փորձում էին ճեղքել մեր պաշտպանությունը: Չէր ստացվում: Ազնավուրը նռնականետով 50 մետր հեռավորությունից զրահատեխնիկա շարքից հանեց: Խնդիր ստացանք ազատագրելու գրավված դիրքը: Դիպուկահարի աջակցությամբ առաջացանք: Նռնակներով ոչնչացրինք հատուկջոկատայիններին: Մտանք դիրք: Չկարողացանք երկար պահել, տանկեր շարժվեցին մեզ վրա: Մեզնից մի քանի մետր այն կողմ էլ հակատանկայիններն էին: Վեց տանկ շարքից հանեցին: Վերադարձանք մեր դիրք ու այդտեղից շարունակեցինք կռիվը մինչեւ ապրիլի 4-ի գիշերը: Թշնամին չդիմացավ, ետ քաշվեց: Տասնյակ զոհեր ունեին: Հոգնել էին:
Հաղթեցի՛նք:
Հիմա մեր պահած դիրքից վերահսկում ենք առաջնագծի մի կարեւոր բարձունքը:
ՍԵՎԱԿ
Հատուկ նշանակության խմբի զինծառայող,
«Արիության» մեդալակիր
Սիմոնյան Նվերը, Բալայան Ազնավուրը, Սահակյան Ղարիբը երեք օր նռնականետներով կռվեցին: Ամեն մեկը 100-ից ավելի արկ կրակեց: Երեք օր դիմադրեցին: Երեք օր մեր կողքին էին: Հակառակորդի տանկը հարվածեց ու… տղերքը զոհվեցին: Հիմա չեմ հավատում, որ մեր վերջին կռիվն էր միասին: Ղարիբը ծառայության ընթացքում պարգեւատրվել էր «Արիության համար» մեդալով, Ազնավուրի հայրը, քեռին զոհվել էին առաջին պատերազմի ժամանակ, Նվերն էլ եղբոր գրկում մահացավ… Մի՛ հարցրեք` ինչ է պատերազմը… Պարզապես այն, ինչի համար մենք պայքարում էինք, շատ ավելի թանկ էր, քան կյանքը…
Նվեր Սիմոնյան, Ազնավուր Բալայան, Ղարիբ Սահակյան
ԳԵՎՈՐԳ
Հատուկ նշանակության խմբի դիպուկահար,
«Արիության» մեդալակիր
Չեմ ուզում ասել, թե քանիսին եմ խոցել մարտում: Գլուխ գովելու բան չի: Մարդու վրա կրակելը դժվար է, անգամ, եթե թշնամիդ է: Բայց ես չեմ հասկանում իմ թշնամուն` ինչքան պիտի չարացած լինես, ատելությունդ ինչքան խորը պիտի լինի, որ դիակի վրա ձեռք բարձրացնես… Չէ՛, գլուխս չի մտնում նրանց այդ դաժանությունը… Մահացած մարդն արդեն ոչինչ չի կարող անել քեզ, էլ ինչու աչք, ականջ, մատ, գլուխ… Չեք պատկերացնի` ինչեր են արել… Մենք անգամ թշնամու դիակի վրայով մեքենան չենք վարել, շրջանցել ենք… Գետնին ընկած էին, բայց էնպես էինք տեղաշարժվում, որ ոտքով չկպչենք: Ես էլ եմ վրեժով լցված (Գեւորգի հայրը զոհվել է Արցախյան պատերազմում), բայց, թույլ չեմ տալիս, որ պատերազմը ինձ չարացնի… Ամեն ինչից առաջ պետք է մարդ մնալ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում