▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք արեցին անհնարինը.88-ին կյանքեր փրկած բժիշկները Հայաստանում են

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օսեթ բժիշկ  Կազբեկ Կուդզաևը փնտրում է 1988 թվականի երկրաշարժից փրկված մի աղջնակի, որի հետ բաժանումը չի կարողանում մոռանալ մինչև այսօր։

Ողբերգական իրադարձություններից 28 տարի անց բժիշկն ու Սպիտակի երկրաշարժից փրկված ու նոր կյանք սկսած հիվանդներն այսօր հանդիպել են, զրուցել: 

«Ես ցնցված եմ, ավելին, շատ ուրախ եմ, կարծում էի՝ ինձ մոռացել են: Այս արդյունքների համար արժեր լույս աշխարհ գալ, ստանալ բժշկական կրթություն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պլաստիկ և միկրովիրաբույժ Կուդզաևը:

Հանդիպմանը ներկա Երևանի վերջույթների երկարացման և վերականգնման կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Միրզոյանն էլ պատմեց, թե ինչպես Իլիզարովի անվան վերականգնողական տրավմատոլոգիայի ու օրթոպեդիայի ինստիտուտի մասնագիտական խմբով Կուրգանից ուղևորվեցին Հայաստան.

«Չեմ սիրում այդ օրերը հիշել: Դեկտեմբերի 7-ին կապ էի հաստատել ծնողներիս հետ, շոկ էի ապրում: Ընկերներս սկսեցին այցելել ինձ ու որոշեցինք գալ Հայաստան: Ես ասացի՝ գիտե՛ք, տղերք ջան, իմ տոմսից բացի 2-3-ը կարող եմ գնել, ասացին՝ ոչ մի խնդիր չկա, մենք մեր գումարով կգանք: Սկսեցինք պատրաստվել, վերցնել բժշկական նյութեր, երբ եկավ իմ լավ ընկերը՝ Արթուր Խաչատրյանը, ով ցավոք, վերջերս հեռացավ կյանքից, հայտնեց, թե կուտակած գումար ունի, կվճարի բոլոր 18 բարեգործների տոմսերի համար: Հաջորդ օրն էլ մեզ ռեստորան տարավ, ավելին, վերցրեց բոլոր բժիշկների հասցեներն ու ընտանիքներին գումարներ փոխանցեց»,-նշեց Արշակ Միրզոյանը՝ հավելելով.

«Հայաստանում բաժանվեցինք 3 խմբի: Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում մեզ համար բացառիկ պայմաններ ստեղծվեցին: Այդ ժամանակ ոսկրաբանության բաժին Երևանի մասնաճյուղում չկար, բայց ամենածանր հիվանդներին այնտեղ էին բերում: Հիշում եմ, 350 տեղ կար, բայց առաջին օրը 850 մարդ եկավ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ քաոս էր»:

Շարունակելով վերջինին՝ պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը նկատեց.

«Այն ժամանակ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում 3 բաժանմունք էր գործում՝ սրտային, ընդհանուր և պլաստիկ վիրաբուժության: Ընդհանուր 90, և ոչ թե 350 մահճակալ էր: Հսկայական էր այդ բժիշկների ցուցաբերած օգնությունը: Նրանք անհնարինը արեցին: Այսօրվա պես հիշում եմ Աիդայի վիրահատությունը, նա մետաղների մեջ «օդում սավառնում» էր: Հիշում եմ, թե ինչպիսի կոտրվածքներ էին: Նման հիվանդներին ասում էին, որ չի կարելի շարժվել ու նրանք մահանում էին թոքաբորբից կամ որևէ այլ բարդույթից: Արշակն ու Կազբեկը առաջինը կիրառեցին վերը նշված մեթոդն ու 100-ավոր մարդկանց կարողացան փրկել: Ուրախ եմ, որ ունենք այսպիսի ազնիվ այրեր»:

Բժիշկների շնորհիվ փրկված Աիդա Սահակյանն էլ խոսելով իր զգացողությունների մասին՝ ասաց, որ շատ ուրախ է, շնորհակալ նրանց.

«Այսօր ապրում եմ Ձեր շնորհիվ: Հիշում եմ՝ ցավերի ժամանակ, երբ ուժեղ բղավում էի, նրանք միշտ կողքիս էին հայտնվում»:

«Հիվանդները միայն ցավից չէ, որ բղավում էին: Նույնիսկ գիշերը, երբ սառնարանները միանում էին, հիվանդները կարծում էին, թե երկրաշարժ է, սկսում էին գոռալ: Բոլորը սարսափելի սթրեսի մեջ էին, և մենք երբեմն «կապիկություններ» էինք  անում, որ մարդիկ այդ վիճակից դուրս գային»,-ընդգծեց  Արշակ Միրզոյանը:

28 տարի անց բժիշկներին իր շնորհակալությունը հայտնելու հնարավորություն ունեցավ նաև Ստաս Նազարյանը.

«10 տարեկան էի այդ ժամանակ, կորցրել էի մեկ ոտքս, մտավախություն կար, որ մյուսն էկ կկտրեն: Բժիշկ Կազբեկի շնորհիվ դա տեղի չունեցավ: Շնորհակալ եմ մարդկային բարձր արժանիքներ ունեցող այս մարդուն: Հիշում եմ՝ ինձ տեսակցելիս անգամ նվերներով էր գալիս»,-նշեց Ստասը:

Ասուլիսի ժամանակ բժիշկ Կուդզաևին հանձնեցին Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի շնորհած պատվոգիրը` «Մարդկային կյանքեր փրկելու հարցում 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ ցուցաբերած անգնահատելի օգնության և Հիպոկրատի երդմանը հավատարիմ լինելու համար»։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more