▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեռելոցը նախկինում մոռացված՝ այսօր արդեն վերականգնված ավանդույթ է

Վերջին շրջանում առիթ ունեցա ծանոթանալու մեռելոցի վերաբերյալ տարբեր հրապարակումների, որոնցում հիմնականում քննադատվում է կառավարության` եկեղեցական հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային հայտարարելու և այդ օրերը մոտակա շաբաթ օրը տեղափոխելու որոշումը: Նմանօրինակ հրապարակումները, արդեն քանի տարի է` հաջորդում են մեռելոցներին, մեր կարծիքով` մատուցելով ոչ ճիշտ մեկնաբանություններ, որոնց հետ կապված ցանկացա անդրադառնալ մի քանի իրողությունների:

Հայոց մեջ տաղավար տոներին հաջորդող օրը գերեզման գնալու ավանդույթը հաստատվել է տակավին քրիստոնեության ընդունման շրջանից, որը, սակայն, խորհրդային տարիներին, հայտնի պատճառներով, մոռացության էր մատնվել:

ՀՀ անկախությունից հետո, երբ եկեղեցի-պետություն հարաբերությունները թևակոխեցին արդյունավոր համագործակցության շրջան, այլևս հնարավոր եղավ վերականգնելու մեր ժողովրդի քրիստոնեական մոռացված շատ ավանդույթներ:

2008 թվականից սկսած ՀՀ կառավարությունը` ընդառաջ Հայ Եկեղեցու խնդրանքին, փոփոխություն կատարեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, ըստ որի՝ եկեղեցական տաղավար հինգ տոներին հաջորդող աշխատանքային օրերը տեղափոխվեցին մոտակա շաբաթ օրը:

Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոները Տերունի հինգ մեծ տոներն են, որոնք ուղղակի առնչվում են Հիսուս Քրիստոսի կյանքի և գործունեության հետ: Այդ տոներին հաջորդող ննջեցյալների հիշատակության օրերի ոչ աշխատանքային լինելը հնարավորություն է ընձեռում Հայաստանի բնակչության մեծամասնությունը կազմող (շուրջ 96%) Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներին այցելելու իրենց ննջեցյալների շիրիմներին` հարգելու նրանց հիշատակը և աղոթելու նրանց հոգիների հանգստության համար:

Ըստ էության, սա ոչ թե մի նոր ավանդույթի ներմուծում է մեր ժողովրդի կյանք, այլ ընդամենը հնավանդ մոռացված ավանդույթի վերականգնում, որը որոշ ժամանակ դադարել էր գործելուց: Եվ պետք է ասել` շատ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի ժողովուրդը վերստին հետևի այս ավանդույթին: Այսօր արդեն պատկերը փոխված է, տաղավար տոներին գերեզման այցելությունը հազվադեպ է դարձել, և այդ օրերին սակավաթիվ մարդկանց կարելի է տեսնել գերեզմանատանը, փոխարենը` գերեզմանատները լեցուն են մարդկանցով մեռելոց օրերին: Սա նշանակում է, որ ժողովուրդը ներքին մի անբացատրելի ուժով կարողանում է վերականգնել իր մոռացված ավանդույթները:

Սակայն որոշ անձեր և շրջանակներ տակավին դեմ են արտահայտվում այս  ավանդույթին` պատճառաբանելով, թե մենք աշխարհիկ երկիր ենք, և եկեղեցին անջատ է պետությունից։ Հարկ է նշել, որ աշխարհում կան շատ երկրներ, որոնցում նույնպես եկեղեցին անջատ է պետությունից, սակայն դա չի խանգարում, որպեսզի այդ երկրներում ևս եկեղեցական կարևոր տոների նկատմամբ մասնավոր մոտեցում դրսևորվի, և դրանք նկատվեն ոչ աշխատանքային:

Ֆրասնսիայի նման երկրում, որը հաճախ է օրինակ բերվում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացների համատեքստում, և որը, ի դեպ` աշխարհիկ պետություն է, որտեղ եկեղեցին ամբողջությամբ անջատ է պետությունից, պահպանվել են քրիստոնեական որոշ ավանդույթներ: Նույն Ֆրանսիայում կան եկեղեցական տոներ, որոնք կամ ոչ աշխատանքային են կամ որոնց հաջորդում են ոչ աշխատանքային օրեր: Օրինակ Զատիկին հաջորդող երկուշաբթին, Հոգեգալուստի երկուշաբթին,  Բոլոր սրբերի տոնը, (նոյեմբեր 1)  և Սուրբ Ծնունդը (դեկտեմբեր 25):

Հատկանշական է, որ ըստ Ֆրանսիայի աշխատանքային օրենսգրքի արգելված է աշխատել միայն մայիս 1-ին, իսկ մնացած տոները, այդ թվում նաև վերոնշյալ եկեղեցական տոները ազատ են թողնված ֆրանսիացիների հայեցողության ներքո, այսինքն` կարող են աշխատել և չաշխատել: Այդուհանդերձ, եկեղեցական այդ  տոների ժամանակ ոչ ոք չի աշխատում, և այս սովորությունը պահպանվել է ավանդույթի ուժով:

1801 թվականին, երբ Նապոլեոն Բոնապարտը Հռոմի պապի հետ ստորագրեց հայտնի «Կոնկորդատը», ըստ այդ փաստաթղթի, այլ հարցերի հետ միասին,  ամրագրվում էին նաև վերոնշյալ եկեղեցական կարևոր տոները`իբրև ոչ աշխատանքային:

Այսօր հակառակ նրան, որ Ֆրանսիայում ապրում են բավական շատ էթնոմշակութային տարբեր և այլակրոն ժողովուրդներ, դա չի խանգարում, որ եկեղեցական կարևոր տոների հիշատակելու և չաշխատելու ավանդույթը պահպանվի:

Հայաստանում որոշ անձեր փորձում են ֆրասիացիներից առավել ազատամիտ դրսևորվել, փոխանակ ողջունելու ՀՀ կառավարության նմանօրինակ նախաձեռնությունները:

Անհրաժեշտ է գիտակցել, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր  մոռացված բարեպաշտ ավանդույթների վերականգնումը և մեր մշակույթի քրիստոնեական ակունքների և արժեքների պահպանումը:

Հ.Գ Եթե չպահպանենք մեր սրբազան և իմաստուն ավանդույթները, ապա կնմանվենք մոլախոտի, որին հեշտությամբ արմատախիլ կանեն այս աշխարհի քամիները, իսկ պահպանելով մեր ավանդույթները` կնմանվենք արմատներով հողի մեջ ամուր կանգնած հաստաբույն ծառի, որը չեն կարող սասանել օտարամուտ քամիները:

ՊԱՐԹև աբեղա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more