Լրագրողները դժվար մարդիկ են, բարդ՝ շփումներում ու նույնիսկ սուրճի սեղանի շուրջ։ Ու նաև՝ ամենահոգատար ու անընդհատ մտահոգ տեսակն են։ Նրանց քունը միշտ խանգարված է, որովհետև հենց գլուխը բարձին են դնում, մտքում սկսում է պտտվել ապրած ու չապրած ողջ կյանքը։ Սեփական փորձով կիսվում եմ Ձեզ հետ, սիրելի կոլեգաներ։
Լրագրողից՝ Լրագրողներին. 14 կետ այն մասին, թե ինչպես ապրել հանգիստ ու ներդաշնակ՝ սեփական «Ես»-ի հետ
1. Ուզում եք սկանդալային լինել։ Այո, վատ չէ դա ուզելը, բայց սկանդալային չեն դառնում սկանդալներ լուսաբանելիս։ Ինքներդ ձեզ դրեք արտառոց իրավիճակների մեջ, լուսաբանեք այն, ինչ կատարվում է ակնհայտ աղմկոտ իրադարձությունների ենթատեքստում։ Հաճախ՝ սկանդալներն ավելի աղմկոտ երևույթներ են քողարկում։
2. Մտածում եք՝ ում վստահել։ Լրագրողների հավերժական կռիվն է կյանքի հետ. նրանք խրոնիկ թերահավատներ են։ Ձեզ կսովորեցնեն՝ մի վստահեք անգամ ձեր մորը, ու երբ նա ձեզ ասի՝ սիրում եմ քեզ, կասկածեք՝ ինչու։ Հանգիստ թողեք էտ կնգան, ամբողջ արեգակնային համակարգում միայն նրան կարելի է կուրորեն վստահել։
3. Ձեզ կսովորեցնեն նաև ամեն տեղ փաստեր փնտրել։ Հերիք է, շունչ քաշեք, հաճախ ու գրեթե միշտ ավելի կարևոր են համընկնումներն ու ճակատագրի նշանները։
4. Ձեր գաղափարներն աջուձախ գողանում են։ Բանի տեղ մի դրեք, չէ որ դուք էլ ինչ որ տեղից եք «քերել» դրանք։ Պարզապես ուրախացեք ու մխիթարվեք՝ ասելով.«Դրանք անբաշար անգրագետներ են, թող տանեն, ես ավելի լավը կունենամ»։
5. Կարծում եք՝ չեք լինի միլիոնատեր։ Սխալ եք կարծում։ Ամբողջ հանրապետությունում չկա մեկը, ով ձեր նման «դոստուպ» ունենա կարևոր մարդկանց, կարևոր ինֆորմացիաների ու կարևոր հաստատությունների։ Go for it.
6. Կորցրել եք երջանիկ լինելու հույսը, որովհետև արդեն ամեն ինչ գիտեք։ Քավ լիցի՝ ամեն ինչ չգիտեք, եթե իմանայիք, այ էտ ժամանակ երջանիկ կլինեիք։
7. Երազում եք ամբողջ աշխարհով շրջագայելու ու ճամփորդական նյութեր անելու մասին։ Ապա- ապա... կա՞ արդյոք մեկ այլ մասնագիտություն, որով մարդը միանգամայն անվճար՝ ուրիշի հաշվին, կտեսնի ամբողջ աշխարհը, կշրջագայի ու նաև՝ երազած նյութերը կանի։
8. Ձեզ համարում եք մի քանի մասնագիտությունների կրող։ Ոչ, իրականում դուք լավ, շատ լավ լրագրող եք, ով տիրապետում է իրավաբանության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների հիմունքներին։ Մասնագիտության բերումով պարզապես առնչվել եք, տարիների ընթացքում՝ հմտացել ու լավ լրագրող դարձել։ Ազատվեք անձի այդօրինակ երկվությունից։
9. Կարծում եք՝ ձեզ ոչ ոք չի սիրում։ Գուցե և այդպես է։ Հետո ի՞նչ։ Բայց հո ձեզանից վախենում են, ու հարգում են ձեր խոսքը։ Հավատում են ձեր ասածներին նույնիսկ ընկերական միջավայրում։
10. Հաճախ եք ձեզ անձնական հոգեբույժ զգում։ Այո, լրագրողների ընկերներն առավել հաճախ քան մյուսներինը, դիմում են սթրեսների ու անելանելի իրավիճակների համար մեկնաբանություն ու օգնություն ստանալու հարցով։ Ոչինչ,, ուրախացեք, ի վերջո ձեզ այ այդքան վստահում են։
11. Հաճախ է ձեզ թվում, թե աշխարհի բեռը ձեր ուսերին է։ Այո, այդպես էլ կա։
12. Ձեզ հանգիստ չի տալիս չհասկացված լինելու միտքը։ Իսկ դուք պարզ խոսեք, առանց ենթատեքստերի ու հավելումների։
13. Չեք կարողանում գտնել այն միակին, ում կսիրեք։ Դրա պատճառը պարզապես այն է, որ դուք թեթև խոսքից հասկանում եք սուտը։ Դա չլուծվող խնդիր է։
14. Անընդհատ որոնումների մեջ եք։ Վերջ տվեք նյարդային կծկումներով փնտրտուքներին։ Զվարճանք դարձրեք այն, ինչով զբաղվում եք։ Ի վերջո՝ միայն դուք եք կարողանում գտնել այն, ինչ ուզում եք։