Արցախյան պատերազմին մասնակցած եզդի նվիրյալների մասին ֆիլմ է նկարահանվել: Ֆիլմի հեղինակ Սաիդ Ավդալյանի խոսքով՝ եզդիների՝ արցախյան պատերազմին մասնակցելու հետ կապված շատ քիչ տեղեկություններ կային թե՛ հայ, թե' եզդի հասարակության շրջանում, ուստի որոշել են փաստավավերագրական ֆիլմ պատրաստել.
«Լինելով եզդի ազգի ներկայացուցիչ՝ ես էլ տեղեկություններ չունեի արցախյան պատերազմում նրանց կատարած սխրագործությունների մասին: Եղել են հերոսներ, ովքեր անգամ մահացու վիրավորում ստացած լինելով, իրենց մարտական ընկերներին չեն մոռացել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սաիդ Ավդալյանը՝ հավելելով.
«Ֆիլմը 2 լեզվով է՝ հայերեն և եզդերեն: Նպատակ ունենք թարգմանել նաև այլ լեզուներով: Նկարահանումներն իրականացվել են Արցախում, այն բոլոր վայրերում, որտեղ եզդիներ են զոհվել: Ներկայացվում են նաև 2016թ. 4-օրյա պատերազմում զոհված 3 եզդիների՝ Քյարամ Սլոյանի, Բորիս Օզմանյանի և Համլետ Հաջոյանի դիրքերը, մարտնչելու դրվագները»:
Ֆիլմի ռեժիսոր, լրագրող Նաիրի Հոխիկյանն էլ հավելեց, որ եղել են նաև այնպիսի շրջաններում, որտեղ երբևէ նկարահանում չի կատարվել, լրագրողի «ոտքը չի եղել». «Ֆիլմում նկարահանվել են հեղինակավոր անձինք.Կոմանդոս, Վիտալի Բալասանյան, Դավիթ Բաբայան: Նրանք բոլորը ականատեսի աչքով ներկայացնում են կատարվածը»,-ասաց ֆիլմի ռեժիսորը:
Նշենք, որ ֆիլմը կցուցադրվի վաղը՝ ժամը 13:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:
Անի Կարապետյան