Արցախցի գրող, հրապարակախոս եւ քաղաքացիական ակտիվիստ հանդիսացող Լուսինե Ներսիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով հերքել է «Հայ-ադրբեջանական խաղաղության հարթակի»-ին միանալու ցանկության մասին, ինչպես նաեւ դրանից հետո իր ձերբակալվելու մասին տեղեկությունները:
«Հարգելիներս ինչ տեսել եք սոցիալական կայքերում, իմ ու Վահան տականքի կարճատեւ տեսանյութերը եւ հարցազրույցը, որը թարգմանվել է այդ սրիկայի կողմից՝ ռուսական տարբերակով, այնինչ ես նրա հետ գրվել եմ հայերենով, չի համապատասխանում իրականությանը… Խոսակցությունները, իբր իմ ձերբակալության վերաբերյալ.....վստահեցնում եմ բոլորիդ, որ դրանք կեղծ լուրեր են, ու ես գտնվում եմ իմ գյուղում, մեր տանը, ու մտահոգված եմ այս ամենի համար:
Ինձ ճանաչողները, ինձ գիտեն որպես հայրենասեր աղջիկ եւ վստահեցնում եմ, որ այդպես էլ կա եւ դա ապացուցելու համար պատրաստ եմ հանդես գալ հանրության առաջ, այդ բոլոր կեղծ լուրերը հերքելու նպատակով»:
Haqqin.az-ը երեկ ներկայացրել էր Լուսինե Ներսիսյանի հետ տեսակապի միջոցով անցկացված հարցազրույց: Հարցազրույցը, ի դեպ, վերցրել էր «Ներազգային ազատագրական շարժման» նախագահ Վահան Մարտիրոսյանը, որը ներկայումս թղթակցում է ադրբեջանական այդ լրատվամիջոցին: