Օրերս մայրաքաղաքում տեղադրված հայ պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհի ու մարշալ Բաբաջանյանի արձանները շարունակում են գտնվել հասարակության ուշադրության կենտրոնում: Անընդհատ կարելի է տեսնել արձանների դիմաց երկար կանգնող մարդկանց, իսկ, թե ի՞նչ են մտածում, ինչպիսի՞ կարծիք ունեն, փորձեցինք պարզել:
«Դեմքը նման ա, բայց մազերը՝ չէ»,-ասաց քաղաքացիներից մեկը: Մյուսն էլ, թե՝ «Կարծում եմ, որ շատ հզոր արձան է.Տեսքը, կեցվածքը...Մեր առջև իր գաղափարներով ու պատկերացումներով Նժդեհն է կանգնած: Հիմա նայում ես՝ ոնց որ ամպերի մեջ լինի: Քիչ առաջ խոսում էի մեկի հետ, հետո պարզվեց, որ քանդակի հեղինակն է: Ասացի, որ հագի վերարկուն է մի քիչ ոչ բնորոշ, ոնց որ Մյասնիկյանի վերարկուն լինի: Կարող էր սա չլինել»:
Քաղաքացիները ցանկություն հայտնեցին տեսնել օրինակ Պապ թագավորի արձանը. «Նա Երիտասարդ դիվանագետ էր, մարդ, որի գլուխը կերան, քանի որ թեկուզ այն ժամանակ գիտակցում և կաթողիկոսին արգելում էր գնալ Կեսարիա, որպեսզի օծեն: Այսինքն, հասկանում էր, որ պետք չէ ուրիշներից կախման մեջ լինել»,-նշեց զրուցակիցս՝ Անդրանիկը՝ հավելելով.
«Կասկադում ինչ է՝ նապաստակ, կատու, պինգվին..այնինչ, մեր թագավորների արձանները պետք է լինեին այնտեղ»:
Պոլիտեխնիկի դասախոս Նիկոլայ Վարդանյանն էլ խոսեց մարշալ Բաբաջանյանի արձանի մասին. «Մարշալը պետք է կանգնած լիներ, ոչ թե նստած: Զինվորին չի կարելի նստեցնել»,-նկատեց նա:
Ի դեպ, պարոն Վարդանյանը հայտնեց, թե տեսել է մարշալին. «Ցածրահասակ մարդ էր, շատ հասարակ,անձամբ եմ տեսել՝ Մոսկվայի համալսարանի ասպիրանտուրայում սովորելու ժամանակ: Քույրը նկար էր ուղարկել, տարել էինք նրանց տուն: Ասում էր՝ 1943 թվականին տանկային բրիգադը պատրաստ կանգնած էր Թուրքիայի սահմանի մոտ ու այն 3 օրում կարող էր վերացնել»,-ասաց նա:
Անի Կարապետյան