«Եռամսյակների կտրվածքով ՀՆԱ աճի տեմպերը դանդաղել են, կրճատվել են եկամուտները, օտարերկրյա ներդրումները, մեծացել է արտաքին պետական պարտքը, նկատվում է նաև կապիտալի արտահոսք: Կարծում եմ, որ այս ամենը տարիներ շարունակ մեր տնտեսության կախյալ զարգացման արդյունք է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ իրավիճակն ավելի բարդացավ, երբ ՀՀ-ն զրկվեց այլընտրանքային հնարավորություններից ու դարձավ ԵԱՏՄ անդամ:
«Կառավարությունն ասում է՝ տնտեսության վիճակը վատ է, որովհետև Ռուսաստանում վատ է, կլավանա, երբ Ռուսաստանում այդպես լինի»,-նկատեց տնտեսագետը:
Իսկ, թե ի՞նչ կարող ենք ակնկալել 2017 թվականին, Աշոտ Եղիազարյանը նշեց, որ այս միտումներն ու զարգացումներն առաջիկայում կշարունակվեն, բայց պետք է ընտրություն կատարենք՝ Արևմուտք կամ կոլապս.
«Կառավարությունն աճի ակնկալիքները պայմանավորում է օտարերկրյա ներդրումների ներգրավվմամբ: Փաստացի օտարերկրյա ներդրողին հրավիրում են Հայաստան՝ ԵՏՄ շուկա դուրս գալու առաջարկով: Սա զավեշտալի է, որովհետև Հայաստանն անգամ ԵՏՄ երկրների հետ սահման չունի, հաղորդակցվում է Լարսի բարակ թելով: Բացի այդ՝ կան բազմաթիվ այլ պատճառներ, որոնք վկայում են, որ սա հնարված է, հիմնավորումներ չունի: Նախ Հայաստանը փոքր շուկա է, և այս առումով, բնականաբար, գրավչություն չունի, թույլ է զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքը, բարձր են էլէկտրաէներգիայի և գազի սակագները, տնտեսավարող սուբյեկտները չեն կարող լուրջ գործընկերներ դիտվել օտարերկրյա ներդրողների համար, որովհետև նրանք կախյալ են, անօգնական ու խեղճ: Ընդհանրապես, քանի որ Հայաստանն իրեն կցել է Ռուսաստանին, չի կարող հուսալի գործընկեր համարվել օտարերկրյա ներդրողի համար»,-մանրամասնեց տնտեսագետը:
Անի Կարապետյան