«1000 դրամ»-ների մասին շատ են հարցնում ինձ։ Նման հիմնադրամ ունենալու մասին սկսեցինք խոսել ապրիլին։ Երբ տեսանք, որ կոտրած տաշտակի առաջ ենք կանգնել։ Կառավարման համակարգը մինչեւ վերջին պտուտակը ժանգոտված էր, ու դա միանգամից տեսանելի դարձավ բոլորիս։ Բազմաթիվ նամակներ, հեռախոսազանգեր էի ստանում տարբեր երկրներից, մարդիկ ուզում էին օգնել զոհվածների, վիրավորների ընտանիքներին եւ ուզում էին դա անել իմ միջոցով։ Ես միանգամից ասում էի, որ չեմ կարող դրանով զբաղվել։ Հարցնում էին՝ ո՞ւմ միջոցով անել, ես ասում էի, որ փոխանցեն Արցախի կառավարության հաշվեհամարին։ Ասում էին, որ չեն վստահում, իսկ ես որեւէ բան չէի կարողանում պատասխանել։
Այդ օրերին ընկերներիս հետ այդ թեման քննարկում էինք, եւ առաջացավ հիմնադրամ ունենալու գաղափարը։ Այն պետության հետ որեւէ առնչություն չպետք է ունենար, որեւէ պետական պաշտոնյա չպետք է դրա կազմում լիներ։ Նույնիսկ փորձում էինք գտնել մարդկանց, որոնք կարող են լինել հոգաբարձուների խորհրդում։ Ես կարեւորում էի նաեւ հիմնադրամի անվանումը, պետք էր ընտրել այնպիսի անվանում, որ մարդիկ տարբեր երկրներից կարողանային փող փոխանցել այդ անվամբ հիմնադրամին։ Ու մի բան գտել էի՝ «Խաղաղության հայկական հիմնադրամ», որովհետեւ մեր զինվորները իրականում խաղաղության համար են պայքարում։ Հիմա էլ այդ համոզմանն եմ, որ այդ հիմնադրամը չպետք է պարտադիր հիմունքով լինի, այն Հայաստանի աշխատողների վրա դրված պատադրանք չպետք դառնա։ Հիմնադրամը պիտի լիներ համահայկական եւ հենց այդ հոգաբարձուների խորհուրդը պետք է այն դարձներ համահայկական գաղափար։
Եւ գուցե միամտություն էր, բայց ասում էի, որ դրա համար պետք է խնդրենք System of a Down խմբի տղերքին, Սերժ Թանկյանին՝ Արցախում համերգ կազմակերպել եւ դրանով տալ խաղաղության հիմնադրամի մեկնարկը։ Բայց դե, ընկերներս ասում են, որ ես անուղղելի միամիտ եմ։