▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրի սակագինը կբարձրանա

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ստորագրվեց Հայաստանի խմելու ջրի համակարգի վարձակալության պայմանագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, «Վեոլիա» ընկերության Արևելյան Եվրոպայի գծով փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին և «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն՝ Կրիստիան Լըֆեն։

Պայմանագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

Այդպիսով՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պաշտոնապես դարձավ Հայաստանի Հանրապետության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը առաջիկա 15 տարիների համար: Ընկերությունն իր վարձակալական պարտավորությունների կատարմանը կանցնի 2017 թվականի հունվարի 1-ից:

Պայմանագրի ստորագրումից հետո միայն «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչները հանդիպեցին լրագրողներին: Ընկերության Կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի գոտու փոխնախագահ Մալիկա Գենդուրին անդրադառնալով ջրի սակագնի բարձրացմանը՝ նշեց, որ չի ցանկանում ավելի վաղ այդ մասին ասել, քանի որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է որոշելու վերջնական սակագինը.

«Սակագինը մի այնպիսի տարր է, որը նաև պետության կողմից է որոշվում: Այն պետք է հաստատվի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

Կցանկանայի ասել, որ մենք սկզբից 25 տոկոսով նվազեցրել ենք սակագինը, որը նշված էր մրցութային փաթեթում: Առաջիկայում ջրօգտագործողները կունենան մեկ սակագին, բայց ոմանց համար գուցե ավելի բարձր լինի.նրանց համար, ովքեր որ ունակ են վճարել ու բարձր որակի ծառայություն են ստանում: Կարող եմ ասել հետեւյալը՝ Հայաստանում կլինի 24-ժամյա ջրամատակարարում»,- ասաց Մալիկա Գենդուրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more