Դիտեք նաև՝
Սննդաբան Հասմիկ Աբովյանը ցավով է նշում, հասարակությունը տեղեկացված չէ առողջ սննդի՝ մեր կյանքում ունեցած դերի մասին.
«Մտածում են՝ ամեն ինչ պետք է ուտել, կամ էլ, թե ասում են՝ մեր պապերը սննդաբաններին ծանոթ չեն եղել, նման բաներ չեն իմացել, կերել են այն, ինչ պետք է: Ախր, պապերը մեզ նման չեն կերել ռաֆինացված մթերքներ, կիսաֆաբրիկատներ: Նրանք օգտագործել են բնական կերակուր, որին արժանացել են: Իսկ մենք կերկուրին չենք արժանանում, քանի որ անընդհատ նստած ենք.լինի մեքենայում, աշխատասենյակում կամ փակ տարածքներում: Մենք չենք ծախսում և չենք արժանանում այն կալորիաներին, որոնք ստանում ենք: Իսկ մեր պապերը ծանր ֆիզիկական աշխատանք են կատարել, և այդ պայմաններում անգամ կալորիական կերակուրը չի վնասում»:
Ինչ վերաբերում է ագահորեն սնունդ օգտագործելուն, սննդաբանի խոսքով՝ դա նրանից է, որ երկար տարիներ մեր ազգը քաղցած է եղել.
«ԽՍՀՄ տարիներին ոչինչ չկար խանութներում, մարդկանց միտքը զբաղված էր կերակուր հայթայթելով և գենետիկ հիշողությունը մնացել է: Այսօր, երբ սուպերմարկետ ցանկացած պահի կարելի է գնալ ու թարմ մթերք գնել, տեսնում եմ մարդկանց, ովքեր ոչ թե Ամանորին, այլ սովորական օրերին այնպիսի գնումներ են կատարում, որ սարսափելի է: Սա տեսնելով հասկանում ես, թե ինչպես են սնվում»,-նշեց Հասմիկ Աբովյանը՝ հավելելով.
«Ցավոք, մեզ մոտ սոցիալական պայմաններն այնպիսին են, որ մարդիկ տարվա ընթացքում իրենց ամեն ինչ չեն կարողանում թույլ տալ, զուրկ են մսեղենից, ընդեղենից և ամբողջ տարվա ընթացքում պատրաստվում են այս տոնական օրերին ու, երբ տեսնում են լի սեղաններ, բնական է պահվածքը: Դրա համար, պետք է փոխել մտածելակերպը, միացնել գիտակցականը: Անհրաժեշտ է միայն ուրախանալ, ոչ թե ճոխ սեղաններ գցել, իսկ սնունդն էլ ողջ տարվա ընթացքում օգտագործել»,-նշեց Հասմիկ Աբովյանը:
Անի Կարապետյան