168.am-ը գրում է.
Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ վերջին օրերին Էջմիածնի Մայր տաճարը պաշարված է մեծաքանակ ագռավների երամով։ Մայր տաճարի գմբեթը՝ հատկապես երեկոյան ժամերին, հայտնվում է չարագուշակ թռչունների տիրապետության տակ, որոնց սոսկալի խմբակային կռկռոցը գրավում է հավատացյալների ու այցելուների ուշադրությունը: Հրապարակման հետքերով մենք եղանք Մայր տաճարի բակում:
Այն, ինչ ֆիքսեց մեր տեսախցիկը, ավելի քան զարմանալի էր: Թռչունների մեծաքանակ կուտակումներ կային ինչպես՝ տաճարի գմբեթներին, այնպես էլ՝ երկնքում: Հասկանալու համար՝ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել թռչունների այսօրինակ վարքը, 168.am-ը զրուցեց Մայր տաճարի տարածքը սպասարկողներից մեկի հետ, ով չցանկացավ ներկայանալ, բայց տեղեկացրեց՝ թռչունների նման կուտակումներն արդեն երեք տարի շարունակ նորություն չեն տեղի բնակիչների և պարբերաբար սրբատեղի այցելող հավատացյալների համար: Ըստ մեր զրուցակցի՝ երևույթը նկատվել է գմբեթի շինարարության սկսման հետ և հավանաբար շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև կավարտվեն վերանորոգման աշխատանքները:
Փորձելով հասկանալ թռչյունների այսօրինակ վարքի գիտական և կենսաբանական պատճառները, մենք կապ հաստատեցինք թռչնաբան Սիլվա Ադամյանի հետ.
– Տիկին Ադամյան, վերջին օրերին մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ Էջմիածնում՝ Մայր տաճարի կտուրին, հատկապես երեկոյան ժամերին, ագռավների մեծաքանակ կուտակումներ են նկատվում: Թռչյունների նման վարքը գիտական բացատրություն ունի՞:
– Մինչ որևէ մեկնաբանություն տալը լավ կլիներ վստահորեն համոզվեինք՝ արդյո՞ք խոսքը հենց ագռավների մասին է, որովհետև դրանք կարող էին լինել նաև սերմնաքաղներ, որ արտաքին տեսքով շատ նման են մոխրագույն ագռավներին: Եթե դրանք իսկապես ագռավներ են, ապա նրանց այսօրինակ վարքը կենսաբանական երկու պատճառներ կարող է ունենալ: Աղբի գոյության խնդիրը դնենք մի կողմ, որովհետև քիչ հավանական է, որ Մայր տաճարի կտուրին այնքան աղբ լինի, որ գրավի ագռավների գաղութներին: Հայտնի է՝ ագռավներն ամենակեր թռչուններ են, սնվում են աղբով, և այնտեղ, որտեղ կերակրային աղբի մեծ կուտակումներ կան, նրանք անպայմանորեն կհավաքվեն այդտեղ: Երկրորդ կենսաբանական պատճառը բնադրման սեզոնի հետ է կապված, բայց քանի որ ձմռանը թռչունների մոտ բնադրման սեզոնը բացառվում է, և խոսել ձագերի մասին՝ անիմաստ է, ապա հերքում ենք նաև այդ տարբերակը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում