▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն է այսքան անհանգստացնում Թուրքիայի ղեկավարությանը

2016թ. հունիսի 2-ի Գերմանիայի Բունդեսթագում ընդունված «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված Ցեղասպանության հիշատակում և ոգեկոչում» պատմական հռչակագրը արդեն մոտ երեք շաբաթ է, ինչ հսկայական նյութ է մատակարարում գերմանական, հայկական, թուրքական, ռուսական և համաշխարհային լրագրությանը, ժամեր կորզում գերմանական օրենսդրի անդամներից, վախի, ուրախության, հիասթափության, զայրույթի, քաջության, գոհունակության և տարաբնույթ այլ զգացումներ առաջացնում գերմանացի ժողովրդի ընտրյալների ու երկրի ամենատարբեր ակտիվ հասարակական-քաղաքական շրջանակների, բայց նաև հայերի ու թուրքերի մոտ:

Բոսֆորի հիվանդ մարդուն փոխարինած Անկարայի ներկա սուլթանի խոսքն ու ամբարտավան վարքը ուղիղ փոխանցվում է Գերմանիայում թուրքական համայնքային դաշտ և ոտքի հանում նրանով հիացած իր ազգակիցներին: Ի հեճուկս այդ հոխորտանքների և թուրքական քաղաքական թատրոնի, գերմանական օրենսդիր իշխանության ներկայացուցիչները ցուցադրաբար հակազդում են Աք Սարայի սուլթանին և փորձում կարգի հրավիրել նրան:

Ի՞նչն է այսքան անհանգստացնում Թուրքիայի ղեկավարությանը և որո՞նք են այն տարբերությունները, սպասվելիք հետևանքները, որոնք բնորոշում են գերմանական հռչակագրին:

Նախ պետք է ասել, որ սույն հռչակագիրը իր ողջ բովանդակությամբ դեռ պետք է մանրամասն քննարկման դրվի և առաջին հերթին հայկական կողմի համար վեր հանվի դրա դրական և բացասական կողմերը, որոնցով հարուստ է սույն հռչակագիրը: Դրա մասին հետագայում ավելի հանգամանալից: Մեկ հոդվածի շրջանակներում այստեղ կանդրադառնանք ընդամենը մի քանի առաջնակարգ թվացող խնդիրներին:

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հռչակագիրը գերմանացիների, հայերի և թուրքերի վրա:

Սա այսօր քննարկվող հարցերից ամենաառաջնայիններից է:

Հայկական տեսանկյունից դիտված, հարցը չափազանց կարևոր և բազմաբնույթ շարունակություն ապահովող հանգամանք ունի: Հայոց ցեղասպանության հարցը անքակտելի մաս է կազմում, սերտորեն առնչվում է 19-21-րդ դարերի Գերմանիայի գաղափարական, քաղաքական, ռազմական, տնտեսական, ֆինանսական, մշակութային, բայց նաև եկեղեցական և բարեսիրական բնագավառի բազմաթիվ պատմական և ժամանակակից հարցերի հետ: Սույն հռչակագիրը հայերի համար քաղաքական-գաղափարական և գիտամշակութային աշխատանքները կազմակերպելիս ավելի ամուր հիմք է ստեղծում, որը մինչ այժմ ամենաբազմաթիվ խնդիրներում բացակայում էր: Այն հեշտացնում է Գերմանիայի պատմության վերոհիշյալ հարցերը վերաշարադրելիս, նրանցում ներառել հայկական այն բաժինները, այն թեմաները, որոնք մինչ այսօր բացակա են եղել այնտեղ, անարդար մոտեցմամբ կամ անգիտակից լինելով դուրս են մնացել գիտական և հանրամատչելի գրականությունից: Առհասարակ ցայսօր գերմանական ցեղասպանագիտությունը Հայկական հարցում, և ոչ միայն դրանում, դեռևս շատ թեմաների գիտականորեն չի անդրադարձել: Այստեղ միայն մեկ օրինակ պարզաբանման համար: Գերմանիայում ժամանակակից պատմագրություն համար դեռևս ուսումնասիրման թեմա չի դարձել այն պարզ ճշմարտությանը, ըստ որի հայերին ցեղասպանել են ոչ միայն նրա համար, որ նրանք հայ էին, կամ քրիստոնեական կրոնի հետևորդներ էին, այլ նաև այն պատճառով, որ հայերը դիմանալով օսմանցիների վարած 100-ամյակների ջարդերի ու հալածանքների քաղաքականությանը, շարունակում էին հաստատուն ապրել իրենց հայրենիքում և չէին ցանկանում վերջնակակապես լքել Հայկական բարձրավանդակը:

Ցեղասպանությունը պետք է լուծեր նաև հայերի հայրենազրկման հարցը և վերջնականապես տեր դառնալ Արևմտյան Հայաստանին:

Թուրքական տեսանկյունից հարցին մոտեցողները ամենամեծ անհանգստությունը առայժմ կարծես ապրում են իրենց հայրենակիցների առումով: Եվ դա հասկանալի է: Եթե Հայոց ցեղասպանության հարցը մտնի գերմանական դպրոցական դասագրքեր և տասնյակ հազարավոր թուրք երեխաներ գերմանական դպրոցներում պարտավորված լինեն այդ մասին կարդալ և լուսավորվել, ծանոթանան մինչ այժմ խստորեն թաքցվող, բայց իրենց պատմության ամենաամոթալի էջը կազմող Հայկական հարցի հետ, այն ժամանակ թուրքական քարոզչական մեքենան և Աք Սարայի վեզիրները ստիպված կլինեն հարյուրապատիկ ավելի մեծ գումարներ, մարդկային ռեսուրսներ և հնարավորություններ ծախսել իրենց հայրենակիցների շրջանում հակահայկական քարոզչական և քաղաքական աշխատանքները կազմակերպելու համար: Այն ժամանակ Գերմանիայում Չեմ Օզդեմիրի կողքին հասակ կառնեն բազմաթիվ այլ Օզդեմիրներ, որոնց Անկարայից սաստել այլևս հնարավոր չի լինի: Եվ սա սույն հռչակագրի հետևանքով առաջացող ընդամենը մեկ հարց է, որը, սակայն, ունի բազմաթիվ այլ համանման խնդիրներ:

Գերմանական դիտանկյունից հարցին մոտենալիս, անմիջապես աչքի է ընկնում օրակարգային հարց դարձած մի շատ լուրջ հանգամանք: Գերմանիայում ապրող թուրքական հոծ զանգվածները ունեն ինտեգրման հիմնարար խնդիրներ: Ազգայնական ընտանեկան և գաղափարական ազդեցության տակ հարատև գտնվողները չեն ընդունում այն բազմաթիվ արժեհամակարգային նորմերը, որոնք անհրաժեշտ են այդ երկրում ներդաշնակ ապրելու և աշխատելու համար: Գերմանիայի օրենսդիրը սույն հռչակագրով կարծես հայտարարում է <<ուզում եք այստեղ մեզ նման ապրել և բարգավաճել, ընդունեք մեր արժեհամակարգային նվաճումները, առաջին հերթին առերեսվեք ձեր անցյալի անմարդկային էջերի հետ, մեր օրինակով ընդունեք ձեր սխալները և փորձեք լուծումներ տալ 100-ամյա չլուծված խնդիրներին, որը վերաբերվում է նաև Անկարային` դեպի եվրոպական ընտանիք մտնելու իր իղձերի ճանապարհին>>:

Հռչակագիրն, իհարկե, ունի այլ բազմաթիվ մեկնաբանման կողմեր, որոնց հայկական մամուլը պետք է պարբերաբար էջեր տրամադրի: 

 

Բունդեսթագի հռչակագիրը նոր ուղիներ է բացում երեք կողմերի` հայերի, գերմանացիների և թուրքերի համար: Ժամանակն է ցույց տալու, թե այս երեք շահագրգիռ կողմերը ինչ հասունություն, ներունակություն և հետևողականություն կդրսևորեն օգտվելու համար այս նորոբաց հնարավորությունից և արագ լրացնելու այն բացը, որն առաջացել է անցած 100 տարիների ընթացքում:     

 

Ազատ Օրդուխանյան

Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միություն – 1860

 

Բոխում, 20 հունիսի 2016թ.

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more