Անհիշելի ժամանակներից մենք` Հայկական բարձրավանդակի բնիկներս, սրբազան հողը արգասաբեր դարձնելու նպատակով ջրանցքների կառուցման կարիք ենք ունեցել: Հանրագումարի բերելով հազարամյակների ընթացքում ջրարբիացման նպատակով իրականացված աշխատանքները բացահայտվում է մի շատ ուշագրավ իրողություն, որն էլ ներկայացնում եմ հանրության ուշադրությանը:
Եվ այսպես, պարզվում է, որ մեր ողջ պատմության ընթացքում պետության նախաձեռնությամբ և այդ մակարդակով, համաերկրային նշանակության ջրանցքներ կառուցվել են Վանի (Արարատյան) թագավորության ժամանակաշրջանում (օրինակ` Մենուայի կամ Կողնկեսի մոտ 50 կմ երկարություն ունեցող և ցարդ իրենց նպատակին ծառայող ջրանցքները) և Հայաստանի խորհրդային տարիներին (գրեթե ամբողջությամբ վերջիններիս շնորհիվ է ջրարբիացվում ՀՀ ոռոգովի ներկայիս հողատարածքը):
Փաստորեն ո՛չ Բագրատունյաց, ո՛չ Արծրունյաց թագավորությունների կամ Զաքարյան իշխանապետության ժամանակներում այլևս համաերկրային նշանակության ջրանցքներ չեն կառուցվել (էլ չենք խոսում պետականազուրկ ժամանակների մասին): Պետական նշանակության ջրանցքներ չեն կառուցվել նաև վերջին քառորդ դարի ընթացքում (զանց եմ առնում մասնավոր կամ առավելագույնը համայնքի մակարդակով կառուցված որոշ ջրանցքները):
Հարց է ծագում, արդյո՞ք ջրանցքների կարիք չի զգացվել 301-1920 և 1991-2015 թթ.: Պարզվում է, որ դրա կարիքը մշտապես զգացվել է նաև նշյալ ժամանակահատվածներում, սակայն խնդիրը «լուծվել է» ոչ թե ջրանցքների կառուցման, այլ տարատեսակ «անձրևաբեր» մատաղների, հոգևորականությանը մատուցված նվիրատվությունների ու աղոթքների միջոցով...: Խոսուն փաստ է, այնպես չէ՞...