Էրեբունիում հայ-ֆրանսիական արշավախմբի ութ տարվա պեղումները, որոնք կենտրոնացված են եղել Խալդի Աստծո տաճարում և դրա հարակից տարածքներում, տվել են հետաքրքիր արդյունքներ.
«Մեզ համար կարևոր էր շեշտադրումը դնել հետուրարտական ժամանակաշրջանի վրա: Անընդհատ խոսում ենք Էրեբունիում ուրարտական կառույցների, պատմության մասին, սակայն, ինչպե՞ս կործանվեց Ուրարական պետությունը և դրանից հետո ի՞նչ տեղի ունեցավ, կարելի է ասել՝ որևէ տեղեկություն չունեին: Ուրարտական պետությունը կործանվեց մոտավորապես մ.թ.ա 640-ական թվականներին, Աքքեմենյան պետությունը հիմնադրվեց մ.թ.ա 6-րդ դարի կեսերին և այս միջանկյալ հատվածի մասին տեղեկություն չկար: Իսկ հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումները լուրջ արդյունքներ հաղորդեցին այս շատ կարևոր անցումային փուլի մասին: Այդ շրջանը մեզ համար կարևոր է այն առումով, որ կազմավորվեց Երվանդունիների թագավորությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայ-ֆրանսիական արշավախմբի հայկական կողմի ղեկավար Միքայել Բադալյանը՝ հավելելով.
«Մենք խոսում ենք սյունազարդ դահլիճի մասին, երբ խորհրդային շրջանում ընդունված էր այն համարել Խալդի աստծո տաճարի բաղկացուցիչ մասը, սակայն մեր պեղումները գալիս են ապացուցելու, որ այն կառուցվել է ավելի ուշ՝ հետուրարտական փուլում: Խոսում ենք նաև Աքքեմենյան շրջանի նմանության մասին, բայց ավելի շատ այս սյունազարդ դահլիճը նման է Մարական ժամանակաշրջանի հուշարձաններին: Էրեբունու սյունազարդ դահլիճը շատ նման է նաև Իրանում գտնվող Գոդին Թեփե հուշարձանի սյունազարդ դահլիճին, և գրեթե ճիշտ նույն ժամանակաշրջանով է թվագրվում»:
Միքայել Բադալյանը կարևոր ձեռքբերում համարեց նաև գեղեցիկ խճահատակով փողոցի հանգամանքը.
«Այն գտնվում է Խալդի Աստծո տաճարի արևմտյան հատվածում: Ուրարտական այլ հուշարձաններում չկա նման այլ կառույց: Ֆիքսվել են նաև երկրաշարժի հետքեր և այս առումով մենք հրավիրել ենք հայ և ֆրանսիացի արխեոսեյսմոլոգ մեր գործընկերներին, որոնք փաստեցին այդ երկրաշարժի հետքերը: Ըստ մեր շերտագրական դիտարկումների՝ երկրաշարժը պետք է որ թվագրվի մ.թ.ա 7-րդ դարի առաջին կեսերին»,-նշեց հայ-ֆրանսիական արշավախմբի հայկական կողմի ղեկավարը:
Անի Կարապետյան