ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վրաց֊թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր։ Ըստ Վրաստանի պաշտոնական կայքերի՝ դրանք փորձ է արվել ներկրել Վրաստան՝ շինանյութերի համար նախատեսված արկղերով։ Փաստաթղթերի բարձր որակն ապշեցրել է անգամ փորձագետներին, դրանք հնարավոր չէ հայտնաբերել սահմանային անցակետերում տեղակայված սարքավորումներով։ Հետաքննությանը ներգրավված են Ինտերպոլի և ՆԱՏՕ-ի ծառայությունները։ Այս առիթով Վրաստանի ՆԳ նախարարը հայտնել է ապօրինի զանգվածային ներգաղթ կամ դիվերսիա կազմակերպելու հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու մասին։ Ի դեպ, այս երկրում կեղծ փաստաթղթերի շրջանառությունը երբեմն հասնում է այնպիսի չափերի, որ իշխանությունները հարկադրված կեղծ փաստաթղթերի համաներում են հայտարարում, որպեսզի կարողանան գոնե դրա մի մասը դուրս բերել շրջանառությունից, բայց, ինչպես վկայում են հիշյալ բացահայտումները, թուրքական ներկրումներով շատ արագ լրացվում է այդ բացը։ |