▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը հետամնաց երկիր չի եղել.Գիտության ոլորտի մեր նվաճումները՝ օրինակներով

Հայաստանում 2008թ.-ին ստեղծվել և վերեջերս արդեն սկսել է գործել Գիտության և տեխնիկայի թանգարանը, որտեղ կա մոտ 500 ցուցանմուշ:

«Մեր հիմնական նպատակն այն է, որ դրսից եկողները տեսնեն և հասկանան, որ Հայաստանը հետամնաց երկիր չի եղել, այլ հզոր պոտենցիալ է ունեցել և իմանան, որ այդ պրոցեսը չի դադարել»,-ասում է թանգարանի տնօրեն Ժիրայր Սևոյանը:

Տնօրենի փոխանցմամբ՝ թանգարանում ներկայացված է 1930-ական թվականներից մինչև 1980-ական թթ. Հայաստանի գիտատեխնիկական զարգացումը.

 

«1930-ական թթ. էր, որ Հայաստանում բացվեցին առաջին տեխնիկական գործարանները, որոնցից էին  Ժամացույցի 3 գործարանները.հուշանվերային, զարթուցիչների և սովորական: Արտադրվել են նաև էլեկտրական ժամացույցներ: Հաջորդ էտապը դա չափիչ սարքերի արտադրությունն էր: 1940-ական թթ.ՀՀ-ում հիմնադրվեց ճշգրիտ սարքերի գործարանը, որտեղ արտադրվում էին ամպերմետրեր, վոլտմետրեր, խոնավության ջերմաստիճանի չափման, կայծակից հոսանքի գծերի պաշտպանման  սարքեր: Կար նաև պլաստմասի գործարան: Երբ սկսեց զարգանալ քիմիական արդյունաբերությունը, անհրաժեշտություն առաջացավ չափող սարքերից բացի ստուգող և ավտոմատ կառավարվող սարքեր ունենալ»

Թանգարանում կարող են տեսնել Աբովյանի «Սիրիուս» գործարանում արտադրված ՎԼ-100 մակնիշի հեռուստացույցը:

Ներկայացված է նաև Հայաստանում արտադրված կենցաղային տեխնիկան.աղացներ, մսաղացներ, սրճաղացներ, ջրատաքացուցիչներ: 

Մեծ տեղ է հատկացված նաև մեքենաշինությանը: Հետաքրքիրն այն է, որ սկզբում Երևանում կառուցվել է էլեկտրաամբարձիչների գործարանը, իսկ սրա բազայի վրա՝ «Երազ»-ը և մոտ 25 տարվա ընթացքում 4 մոդել է ներկայացվել.

«Քչերը գիտեն, որ «Երազ» գործարանը Պոլիտեխնիկի հետ 1970-ական թթ. սկսել է զբաղվել նաև էլեկտրական մեքենաներով: Արտադրվեց առաջին հայկական էլեկտրական մեքենան, որն աշխարհում առաջիններից մեկն էր: Երբ Լոս Անջելեսում 1970-71 թթ.կոնֆերանս էր՝ նվիրված էլեկտրամոբիլներին, որտեղ քննարկում էին, թե ինչպես սարքեն, զարմացել են՝ իմանալով, որ Հայաստանում արդեն գործարան կա ու աշխատող նմուշ ունի: Կոնֆերանսին մասնակցելու հրավեր են ուղարկում ՀՀ ներկայացուցչի ու ապշում են արդյունքներից, քանի որ մոդելը ստանդարտ բազայի հիման վրա է պատրաստված եղել»,-նշեց թանգարանի տնօրենը:

Ճանաչողական այս այցը կազմակերպել էին Հայկական աստղագիտական ընկերությունը և Տուրիզմի հայկական ինստիտուտի Գիտական տուրիզմի ամբիոնը։

                                                                                           

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more