▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարութ, Ռաստովի ռեյսից ուշանում ենք...

Նյու Յորքում ավարտվեց «Հայաստան» ներդրումային համաժողովը... Անունն էր ՝ «Հայաստան» ... Իրականում մեր ներկայացուցիչները հիմնականում խոսում էին այն հնարավորությունների մասին,  որոնք ընձեռում է Եվրասիական միությունը:

Այսինքն՝ Հայաստանը հանդես էր գալիս պարզապես որպես այդ միության գովազդող, հասկացնելով՝ մենք մեր արեւմտյան կապերի եւ մասնավորապես Սփյուռքի շնորհիվ հնարավորություն ունենք խթանելու Արեւմուտքի կապերը Ռուսաստանի,  Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ:

Արդյոք ամենալավ ժամանակն է ընտրված եւ արդյոք հույսեր ունենք: Ռուսաստանի հետ Արեւմուտքը հիմա ԱՄԵՆԱՎԱՏ հարաբերությունների մեջ է: Ղազախստանի նախագահը, հրաժարվելով գալ Երեւան՝ եւ մասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին՝ վատառողջության պատրվակով, աներկբա հասկացրել է՝ առանց ձեզ կհարաբերվեմ Արեւմուտքի հետ: Շատ դժվար է պատկերացնել, թե Բելառուսը ինչու պիտի Հայաստանի կարիքն ունենա Արեւմուտքի հետ տնտեսական կապերը զարգացնելու համար: Ղրղզստանի մասին՝ պարզապես դժվար է որեւէ բան ասել՝ չնչին նշանակություն ունի Արեւմուտքի համար...

Այսինքն՝ գնացել ենք Նյու Յորք, Եվրասիական միության վարչապետ Տիգրան Սարգսյանին էլ տարել ենք, որ ո՞ւմ շահն առաջ տանենք... Հայաստանի, բայց Հայաստանի՝ որպես Եվրասիական միության անդամի... Որովհետեւ առանց այդ միության Հայաստանը գրավիչ շուկա չէ... Իսկ որպես այդ միության անդամ գրավի՞չ է...

Եթե հաջողվեց համոզել, որ գրավիչ է, շուտով արդյունքները կզգանք: Վախենամ՝ Հայաստանի ղեկավարությունը Մոսկվայում ընդամենը հաշվետվություն կներկայացնի, թե ինչ մեծ գործ է արել Եվրասիական միության համար ու նաեւ մեր գարնանային ընտրություններից առաջ իշխանական կուսակցությունը ճոռոմ-ճոռոմ կխոսի, թե ինչպիսի աննախադեպ համաժողով է անցկացրել Նյու Յորքում, ինչը ոչ մի այլ պետության չի հաջողվել:Իսկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղի բնակիչ Կարո Գաբրիելյանն էլ հեռուստատեսությամբ այդ ամենը լուռ կդիտի, կլողանա, կթրաշվի, ճամպրուկը կհավաքի, կնոջն ու երեխաներին կհամբուրի ու կզանգի հարեւանին՝ «Հարութ, Ռաստովի ռեյսից ուշանում ենք... »

Արմեն Դուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more