Արթուր Սարգսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ.
Ա. Սարգսյանի մոտ առկա է զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, ինչպես նաև նա տարել է ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոտեզավորմամբ (տես՝ կից փաստաթղթերում ներկայացված ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից 09.03.1999թ. տրված տեղեկանքի պատճենը):
Ա. Սարգսյանի մոտ առկա է նաև որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափսերի:
Հիշյալ պատճառներով Ա.Սարգսյանն ունի ֆիզիկական գործունեության սահմանափակումներ և ունի հատուկ պայմանների կարիք: Հիշյալ առողջական խնդիրների նկատմամբ անտարբերությունը, խնամքի բացակայությունը և պահման ոչ բավարար պայմանները կարող են վտանգավոր հետևանքների պատճառ դառնալ նրա կյանքի և առողջության համար:
Արթուր Սարգսյանը կալանավորման պահից ունի անընդհատյա ցավեր և գրեթե ամեն օր ստանում է ցավազրկող միջոցներ /Կետոնալ միջմկանային/:
Սեպտեմբեր ամսվա ընթացքում Ա. Սարգսյանի մոտ ցավերը մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ որովայնի, սաստկացել են, և նա մի քանի անգամ բժիշկ է հրավիրել, սակայն այդպես էլ նրան օգնություն չի ցուցաբերվել (բժիշկ է կանչվել հերթափոխի պետերի, ինչպես նաև հարկի հերթապահի միջոցով):
Այնուհետև Ա. Սարգսյանը դիմել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Նազարյանին, ով վերջապես հրավիրել է ինչ-որ բժշկի (ոչ Նուբարաշեն ՔԿՀ աշխատակցի), որն ասել է, որ անհրաժեշտ է դիմում, որպեսզի իրականացվի համապատասխան բուժօգնություն:
Սույն թվականի դեկտեմբերի 10-ին Ա. Սարգսյանի մոտ սկսվել են գլխապտույտներ, սրտխառնոցներ և փսխումներ: Դեկտեմբերի 11-ին Ա.Սարգսյանի մոտ արդեն սկսվել են արյունային փսխումներ, և նորից բժիշկ հրավիրվելու պահանջ է ներկայացվել Նուբարաշեն քկհ վարչակազմին: Այցելել է Նուբարաշեն ՔԿՀ-ի բժիշկը և ցավազրկող է առաջարկել, չափել է ճնշումը, որը 110/160 էր, և ասել է, որ լուրջ խնդիր չկա, և գնացել, իսկ Ա.Սարգսյանի շտապօգնություն հրավիրելու պահանջը մերժվել է: Դրանից 15-20 րոպե հետո Ա. Սարգսյանի մոտ ավելի մեծ արյան քանակությամբ փսխումներ են սկսվել: Նորից հրավիրվել է բժիշկ, կրկին այցելել է Նուբարաշեն ՔԿՀ-ի բժիշկը, կրկին շտապօգնություն հրավիրելու պահանջը մերժվել է: Դրանից մոտ երկու-երեք ժամ անց Ա.Սարգսյանի վիճակի շարունակական վատթարացման արդյունքում կանչվել է շտապօգնություն, և Ա.Սարգսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Էրեբունի» բժշկական կենտրում իրականացվել է հետազոտություն, ինչի արդյունքում ախտորոշվել է կերակրափողի էրոզիա և ճաք, որից տեղի էր ունենում արյան արտահոսքը, աղեստամոքսային համակարգի խնդիրներ, նշանակվել է բուժում դեղորայքի և ներերակային կաթիլային ներարկումների միջոցով: Այնուհետև Ա.Սարգսյանը կրկին տեղափոխվել է Նուբարաշեն ՔԿՀ:
Ա.Սարգսյանի առողջական խնդիրների ախտորոշումը և նշանակված բուժումը չի տրամադրվել վերջինիս:
Հիշյալ հիվանդությունների արդյունավետ բուժումն ակնհայտորեն չի կարող ապահովվել Նուբարաշեն ՔԿՀ-ում, իսկ պատշաճ որակի բուժօգնություն տրամադրելու հարցում Նուբարաշեն ՔԿՀ-ի վարչակազմը չի շտապում: Աղեստամոքսային խնդիրների պարագայում բուժման բաղադրիչ է նաև հատուկ սննդակարգը, որը ևս Նուբարաշեն ՔԿՀ-ում բացակայում է, բավարար չի կարելի համարել նաև պահման պայմանները՝ հաշվի առնելով, որ դեկտեմբերի 12-ի դրությամբ այն խուցը, որում պահվում է Ա.Սարգսյանը, ինչպես նաև առանձնատեսակցությունների համար նախատեսված սենյակները չեն ջեռուցվում:
Այսօր Ա.Սարգսյանի պաշտպանների կողմից համապատասխան դիմումներ են ուղարկվել ՀՀ Արդարադատության նախարարություն, քրեակատարողական հիմնարկների վարչություն, Նուբարաշեն ՔԿՀ և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պահանջելով անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ա.Սարգսյանին պատշաճ բուժզննություն և օգնություն տրամադրելու ուղղությամբ, ինչպես նաև վերջինիս տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և ապահովել պատշաճ բուժում և խնամք:
Տիգրան Եգորյան
Դավիթ Գյուրջյան