▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռն ինքը կհոգա իր կարիքները

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ռիո-2016-ի ծանրամարտի գյումրեցի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, այն բանից հետո, երբ երեկչէմյուս առավոտյան ես հրապարակեցի մի կարծիք եւ խնդրանք («Գոռին տուն է հարկավոր» վերնագրով) ու 12 լուսանկար իր տնակից (SOS-ի էջից), Բրազիլիայից հայտարարեց, թե ինքը ոչ մեկի օգնության կարիքը չունի, ինքը կհոգա իր տան կարիքները, իրեն տուն առաջարկել են եւ ինքը հրաժարվել է դրանից:

Ահա մեջբերումը.«Սա իմ անձնական խնդիրն է, ոչ մեկի գործը չէ։ Ես ոչ մի բարերարի կարիք չունեմ։ Ինձ բնակարան են առաջարկել, ես հրաժարվել եմ։ Տեսել եմ մեկնաբանություններում, որ գրված է «Գոռին օգնելու համար կապվեք ինձ հետ»։ Ոչ մեկի հետ կապվել պետք չէ, ես տեղյակ չեմ ոչ մի բանից։ Այս ամենն առանց իմ իմացության է արվել։ Ես դեմ եմ որևէ նյութերի հրապարակմանը։ Դա ոչ մեկի գործը չէ, իմ անձնական խնդիրն է ու ես որևէ մեկի օգնության կարիքը չունեմ։ Ես մեծ ու հասուն տղամարդ եմ, վաղն ամեն ինչ ինքս եմ անելու իմ ընտանիքի համար։ Ոչ մի բան պետք չէ ինձ նվիրել, կամ որևէ բարեգործություն անել ինձ համար։ Թող ոչ մեկը չանդրադառնա այս թեմային։ Ես ապրում եմ այնտեղ, որտեղ ինձ դուր է գալիս։ Դա ոչ մեկին չի վերաբերում, դա իմ անձնականն է..., բոլոր լրատվամիջոցներին խնդրում եմ անօրինական կերպով արված լուսանկարները հեռացնել համացանցից» mamul.am

Ես, իհարկե, չեմ գրել կամ ասել «Գոռին օգնելու համար կապվեք ինձ հետ» ու տեղյակ չեմ` ով է նման բան ասել, սա իմ մասին չէ, բայց մի քանի հանգամանք կուզեմ ներկայացնել այս կապակցությամբ:

Ես ներկայացրել եմ Գյումրու անօթեւանության վիճակը Գոռի կացարանի վիճակի համատեքստում, մտածելով, որ այս պայմաններում ապրող մարդը բնակարանի կարիք ունի, առաջին անգամ նման խնդրանքով եմ դիմել մարդկանց, խնդրել եմ օգնել` մի տան հարց լուծվի: Այդ անելիս տեղյակ չեմ եղել, թե Հայկը լուսանկարելիս ինչ է խոսել տնեցիների հետ, ում հետ է հանդիպել այնտեղ:

Եւ հետո, երբ լուր առա, թե իբր, լուսանկարիչը SOS-ի էջում զետեղված լուսանկարները գաղտագողի է նկարել տանտիրուհուց` Գոռի մորից, տարօրինակ համարեցի: Մեր տնից գտա լուսանկարչին, Հայկ Բարսեղյանին եւ հարցաքննեցի ինչպես հարկն է, ինչպես կաներ ցանկացած խմբագիր եւ հայր:

Այս տնակն իր նկարած մի քանի հարյուր տնակներից մեկն է վերջին 5 տարում: Հայկի լուսանկարները, որ այս թեմայով արվել են, նպատակ են ունեցել ցույց տալ այն պայմանները, որոնցում արդեն 20-28 տարի է ապրում են հազարավոր ընտանիքներ: Դրանք միշտ արվել են տնակատերերի համաձայնությամբ եւ հաճախ այն ակնկալիքով, որ դրանց հրապարակումից հետո (1) իշխանությունը գիտակցության կգա ու կսկսի խնդիրը կարգավորել եւ/կամ (2) բարերարներ կգտնվեն, ովքեր կօգնեն տնակատերերին ավելի լավ պայմաններում ապրել, բարելավել այդ պայմանները կամ տուն տալ նրանց: Այդ նպատակի մասին պարտադիր տեղեկացվել են բոլոր այն կացարանների տերերը, որոնք նկարվել են ներսից: Հայկը տնակում է մեծացել 14 տարի, գիտե թե դա ինչ տառապանք է:

Ես միշտ վերապահում եմ ունեցել բարեգործության նկատմամբ, մտածել եմ, որ բարեգործությունը միանշանակ չի ընկալվում մեր հանրության մեջ, հաճախ եզը վերցնում, տակը հորթ են ման գալիս, դեմ եմ ձրիակերությանը, երբ որոշ խմբեր օժանդակություն ստանալով սկսում են վարժվել դրան, չաշխատել, բարերարներին համարում են իրենց` պարտական, գրեթե միշտ խուսափել եմ այդօրինակ առաքելությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ շատ թանկ մարդիկ են ինձ խնդրել, չեմ մասնակցել բարեգործությանը` այս կամ այն նպաստամատույցն իրականացնել կամ օգնել իրականացնել, ինձ դիմած բոլոր բարերարներին ուղղորդել եմ տեղական բարեգործական կազմակերպությունների կամ համայնքապետերի մոտ, հուշել եւ խորհուրդ եմ տվել` ում հետ աշխատել, տարեկան մոտ 10-20 առաջարկ, վերջերս շաբաթական երեւի 2-6 առաջարկ: Երբ Հայկը կես տարի առաջ առանց խորհուրդ հարցնելու, ասաց «...պիտի 13 ընտանիքի տուն տանք», ու հարցուփորձով հասկացա, որ մի կայքում ընկերներով հաշիվ են բացել ու համաշխարհային դրամահավաք են անում այդ նպատակով ու բացատրեցի, թե ուր է խրվելու, ռիսկերը, որ որքան էլ այդ գործը քաղցր ու բարի է թվում, դա անտանելի ու հաճախ անշնորհակալ չարչարանք է, իրենը զոռեց, տապալեց իմ գործերի մի մասը, որոնցով հույս էի կապել իր հետ, ու սկսեց դրամահավաքից բացի տնահավաք իրականացնել, բարեգործական համերգ ու աճուրդ կազմակերպել, հատ-հատ տներ հավաքել տարբեր նվիրատուներից ու հատկացնել ծայրահեղ կարիքավոր ընտանիքների Գյումրիում: 13-ի փոխարեն 24 բնակարան ճարեցին կամ գնեցին ու տվեցին մարդկանց երկու ամսում (!): Մեկ տան խոստում էլ ունեին: Ես, երբեք չեմ պատմել` ինչ եմ քաշել էդ ընթացքում, իր քաշածն ինքը գիտե: Ինձ օրական մի քանի հոգի գալիս դիմում էին տան խնդրանքով, օրական մի քանի հոգի էլ դիմում էր իր տունը էժան ծախելու առաջարկով, ասում էի կապ չունեմ, կապ-չու-նեմ: Սկսեցին լուրեր տարածել, թե Հայկն այդ ամենը անում է որպեսզի ես … քաղաքապետ ընտրվեմ այս աշնանը, նա ու իր ընկերներն այդ ամենը անում են, որ իրենք ավագանու անդամներ ընտրվեն, ու էլի մի քանի զառանցանք:

Ես մի քանի հարյուր հոդված եմ գրել ու հրապարակային խոսք եմ ասել անցած 20 տարում անօթեւանության հիմնահարցը արմատապես լուծելու մասին, բազմաթիվ առաջարկներ եմ արել իշխանություններին: Միշտ համարել եմ ու համարում եմ, որ դա պետական եւ համայնքային իշխանության անելիքն է, հիմնականում` պետական, անխնա քննադատել եմ պետական իշխանությանը այս լկտի ու ցինիկ վարքի համար, երբ քաղաքի 45 տոկոսը աղքատ է ու 10-12 տոկոսը տնանկ, իրենց պետքը չէ, բլթոցներից էն կողմ չեն անցնում դրանցից խոսկանները: Այդ նյութերը որպես կանոն ուղեկցվել են լուսանկարներով տնակներից, ներսից կամ դրսից: Ես ամեն առիթ օգտագործում եմ այս թեման թեժ պահելու համար, որովհետեւ մարդկային կյանքից թանկ բան չկա պետականության եւ ազգային անվտանգության տեսանկյունից: Մնացածը կարելի է հասցնել հետո անել, իսկ կյանք, առողջություն փրկելը կարեւոր բան եմ համարում, արտագաղթը թուլացնել, աշխատատեղ ստեղծել նույնպես կարեւոր են: Գոռի տնակի պատմությունը ուղղակի մեկն է իմ գրած պատմություններից:

Երեկ պարզել եմ, որ Հայկը առավոտյան գնացել գտել է Գոռի տնակ-կացարանը, ներկայացել է մորը, բացատրել է, որ 25-րդ բնակարանը դեռ չի նվիրաբերած, առաջարկել է, որ այդ բնակարանը նվիրվի այդ ընտանիքին, թույլտվություն է ստացել նկարելու, հետո մեքենայից բերել է լուսանկարչական ապարատը եւ տիկնոջ ու էլի մի կնոջ ուղեկցությամբ նկարել է այն ամենը, ինչ ցույց են տվել իրեն: Տնակների նկարահանումները այդ ձեւով էլ լինում են, տնակատերերը բոլոր դեպքերում ուղեկցում են նկարողին կամ այցելուին, կամ բարերարին, ցույց տալու համար, թե ինչ խնդիրներ կան: Դատելով լուսանկարներից, կոկիկ մաքուր, խնամքով տնակ է, բազմաթիվ խնդիրներով, ավելի վատ վիճակում գտնվող տնակներ էլ կան: Տնակի վիճակը ոչ մի կերպ չի նվաստացնում տերերին, ինչպես փորձում են մատուցել մի քանի հոգի, նվաստացուցիչ համարեին` ոչ թույլ կտային մտնել ներս, ոչ էլ` նկարահանել:

Թերեզա անունով մի կին, որ Գյումրիում բարեգործությամբ է զբաղվում, եւ Հայկի այցելությունից հետո «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի հետ այցելել է Գոռ Մինասյանի տնակ, երեկ գիշեր իր էջում գրել է, թե Գոռի մայրը իրեն պատմել է, թե Հայկ ներկայացած երիտասարդը այցելել է իրեն, եւ ինքը գործերով շեղվել է ու տեղյակ չի եղել, թե ինչպես է նկարել տունը, ապա այդ նկարները հայտնվել են համացանցում: Մի քանի ժամ անց եղավ Գոռի արձագանքը Բրազիլիայից, որ մեջբերեցի վերը:

Ինձ իսպառ անհասկանալի է, թե ինչու պիտի Հայկը գաղտագողի նկարեր տնակը, երբ տնակները միշտ նկարահանել է բացահայտ` տանտերերի ներկայությամբ, ու առանց նրանց հնարավոր էլ չէր նկարել այդ կացարանները, կամ ինչպես կարող էր իր աննորմալ մեծ ապարատով այնպես գաղտնի նկարեր մարդկանց տնակն ու հարմարությունները, որ ոչ մեկը չտեսներ: Իհարկե, շատ լավ տեղյակ են եղել, որ մարդը նկարում է: Ամենայն հավանականությամբ, մայրը ինչ-ինչ պատճառով իր դիրքորոշումը փոխել է տան կարիքավորության մասով եւ դժգոհել է, որ նկարները հրապարակվել են: Թե ինչու՞ է փոխել դիրքը, առանձին պատմություն է, եւ իմ պատմելիքը չէ:

Հիմա Գոռ Մինասյանը որեւէ մեկի օգնության կարիքը, չունի: Շատ լավ է դա: Ուղղակի պիտի նկատի ունենալ, որ ե՛ւ լուսանկարների հրապարակումը SOS-ի էջում, ե՛ւ իմ հրապարակումն արվել են դեռ այդ դիրքորոշումն հայտնելուց առաջ, եւ այն բանից հետո, երբ լուսանկարելու թույլտվության ժամանակ տան կարիքը հաստատել է մայրը: Իսկ եթե տան կարիք չկար, ինչ իմաստ ուներ թույլ տալ` տնակը նկարել ներսից: Կամ էլ, իսկապես, Հայկն իր ապարատով անտեսանելի լինելու շնորհք ունի:

Մինուս մեկ կարիքավոր ընտանիք ուրեմն: Պետական եւ համայնքային իշխանությունն իմացավ, որ կարիքավոր ընտանիքների թիվը մեկով պակասեց: Իմ հաշվով` դարձավ խորհրդանշական 3499 ընտանիք, պետության հաշվով` շատ ավելի քիչ, մոտ 3 հազար անօթեւան ընտանիք իշխանությունը փոխհատուցման արժանի չի էլ համարում: Հիմա այն մեկ բնակարանը, որ դեռ մնացել էր չհանձնված, մեկ այլ ընտանիքի բաժին կհասնի, ինչ է պատահել, բարին դա է գուցե: Երեւի իսկապես սխալ էր գնալ Գոռ Մինասյանի տնակ եւ մայրիկին ասել, թե հնարավորություն կա այդ մեկ բնակարանը փոխչեմպիոնին հատկացնելու, հարկավոր էր բազմազավակ եւ ավելի ծանր կարիքի մեջ եղող ընտանիքի առաջարկել: Բայց, որ ինձ լսեն` էլ ոչ մեկի տնակն էլ չեն գնա ու օգնություն չեն առաջարկի, չգիտես` ինչ կարող է ստացվել: Մինչեւ գնալը ինձ չի հարցրել Հայկը, ես եմ ասել` էդ բարեգործություններով գլուխս չտանես, մի օր կթքեն երեսիդ` չես հասկանա, ինչպես եղավ: Հիմա հասկացել է, բայց չի մեռնի, վերապրող է էս սերունդը: Ստացվել է այնպես, որ ես ու Հայկը հրապարակային կյանք ունենք ավելի շատ, քան գաղտնի կամ անձնական, ամեն ինչ համարյա ամենքի առաջ է, ու կներեք այս հրապարակային հաշվետվության համար: Պարտք էի:

Հիմա արդեն կարող եմ հեռացնել «Գոռին տուն է հարկավոր» գրառումս լուսանկարներով, բայց ոչ այն պատճառով, որ լալահառաչ խնդրում ու ահարկու կերպով պահանջում էին մի քանի քաղքենի, մի քանի սերժապահապան եւ մի քանի կարգին մարդ, ոչ թե այն պատճառով, որ այդ է խնդրել Գոռը, թեպետ նա խնդրել է հեռացնել «անօրինական կերպով արված լուսանկարները», իսկ դրանք անօրինական կերպով չեն արվել, դրանք էլ, հրապարակումս էլ պաշտպանված են ՀՀ օրենքներով, այլ այն պատճառով, որ ինքն հայտարարեց, թե հանրային աջակցության կարիքը չունի, չափահաս մարդ է եւ հենց այնպես հայտարարություն չէր անի: Մյուս վերահրապարակողները իրենք կորոշեն` ինչպես վարվել լուսանկարների հետ:

Հայցում եմ Գոռի եւ իր մոր ներողությունը, հավաստիացնում եմ, որ իմ հրապարակումը ու բնակարանով օգնելու խնդրանքը ոչ մի դիտավորություն չի ունեցել իրենց դեմ, խնդրում եմ դա չընկալել որպես իրենց արժանապատվությունը նվաստացնող արարք, արվել է բարի կամքով, իրենց օգնելու մտադրությամբ: Ավելի լավ, որ օգնության կարիք չունեն: Շնորհավոր արծաթը, թող հաջորդը ոսկի լինի, ու կարիք չունենան ոչ բնակարանի, ոչ իմ արած մուրացկանության, ոչ էլ ավելի սրտացավ պաշտպանների:

ՀԳ.
Էս արանքում, մի քանի հոգի իրենց կերպարներն ու դեմքերը բացեցին, շատ բան իմացանք ու հասկացանք, հաշվի կառնենք հետո: Բայց հատկանշական եմ համարում մի քանի բլբուլների մեղադրանքը իմ ու Հայկի հասցեին, թե փիար ենք անում մենք մեզ, իբր պարապ ենք, իբր վարկանիշի ցավ ունենք, իբր մեր տեղը չենք գտել կյանքում: Ախր շատ խոտակեր պիտի լինել, այդպես մտածելու համար: Իրականում փիարի հատուկ կարիք չկա էս ցեխուջրի մեջ. բավական է մի ճիշտ խոսք ասել ընդամենը ու մատը վերքի վրա դնել: Այդ չանելուց առաջ լավ է անուն ազգանունս փոխեմ:

Նախորդ հրապարակումս տարածողներին խնդրում եմ սա էլ տարածել, որ հասնի նույն լսարանին »:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more