Վարդան Պետրոսյանի պատմությունը
Վանի Քոչան գյուղ
Անուշ Պետրոսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապիկի տոհմի պատմությունը: Վարդան և Հովհաննես Պետրոսյանները ծնվել են Արևմտյան Հայաստանի Վանի Քոչան գյուղում: Գաղթի ժամանակ նրանք տարբեր նավերի վրա են եղել: Արդյունքում մի եղբայրը Հայաստան է եկել, մյուսը՝ Ֆրանսիա:
«Վարդան և Հովհաննես Պետրոսյանները ծնվել են Արևմտյան Հայաստանի Վանի Քոչան գյուղում: Վարդանը ունեցել է 2 տղա, 4 աղջիկ: Նրանց անուններն են` Մաթոս, Պետրոս, Սուսան, Արեգնազ, Երանուհի, Շուշանիկ: Մաթոսը եղել է Անդրանիկ Օզանյանի զինվորներից: Նա եղել է նշանված, գնացել է կռիվ և զոհվել: Վարդանը և Հովհաննեսը գաղթի ժամանակ եղել են տարբեր նավերի վրա: Այնպես է ստացվել, որ Վարդանը եկել է Հայաստան, իսկ Հովհաննեսը գնացել է Ֆրանսիա: Նավերի վրայից իրար հրաժեշտ են տվել ու տարիներ շարունակ իրարից լուր չեն ունեցել:
Շատ տարիներ հետաքրքրվել են ու նամակագրությամբ գտել իրար: Գտնելուց հետո Վարդանն իմացել է, որ Հովհաննեսը ամուսնացած է և ունի 2 որդի, 2 դուստր: Նրանց անուններն են` Մառի, Անժել, Վահրամ և Արամ:Արամն ամուսնացել է Ուրֆա քաղաքի կոտորածներից փրկված Պարգևուհու հետ: Պարգևուհին թաքնված տեղից տեսել է, թե ինչպես են սպանում իր ընտանիքի բոլոր անդամներին:
Նա եղել է պարուհի, ասեղնագործ: Պարգևուհու անունով Հունաստանում փողոց կա: Պարգևուհին մահացել է 1980 թվականին Լիոնում, բայց թաղվել է Հունաստանի Միտիլի քաղաքում: Վերջին անգամ Արամը Հայաստան է եկել1989 թվականին`իր հետ բերելով կնոջ ձեռագործները, և պատրաստած արձանիկները, իսկ իր գրքերից մի քանիսը հանձնել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանին: Երկար տարիներ Արամը չարչարվում էր, բայց չէր կարողանում իր գիրքը տպագրել, վերջապես 1976 թվականին Պոլսի քաղաքում տպագրվում է «Ընտիր երկեր» գիրքը»: