▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆիզիկական, թե՞ մշակութային անվտանգություն

Մեր երկրի պաշտպանական ուժերի և ավելի լայն՝ իշխանական ուժերի հռետորաբանության մեջ գերակայում է «ֆիզիկական անվտանգության» գործոնը, որը հանգում է նրան, թե պետությունն անում է ամեն ինչ՝ այս կիսապատերազմական իրավիճակում հանրության ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար: Սա հասկանալի է և նորմալ:
Բայց ֆիզիկական անվտանգությունից ավելի կարևոր և ավելի դժվար հարց է մշակութային անվտանգությունը: Դա վճռական նշանակություն ունի հենց մեզ՝ հայերիս համար, քանի որ Հայաստանի հասարակությունը մոնոէթնիկ է, հետևաբար, մեր պարագայում մշակութային անվտանգությունը դառնում է ազգային անվտանգություն:

Ազգը գենետիկ երևույթ չէ, այն մշակութային է, և ազգային անվտանգությունը նախևառաջ մշակութային անվտանգությունն է:

Օրինակ, ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում այդպես չէ. այնտեղ շատ ազգեր և մշակույթներ կան, և պետությունը լայն իմաստով չի կարող իրականացնել մշակութային անվտանգության միասնական ծրագիր, որը լինի ազգային: Մեր պարագայում հնարավոր է և պետք է, քանի որ ֆիզիկական անվտանգությունը չի երաշխավորում ազգի շարունակականություն: Այդ շարունակականությունը մշակույթի շարունակականության մեջ է, հետևաբար մենք պետք է ունենանք ազգային մշակութային անվտանգության հայեցակարգ:

Բայց այսօր այդ բարդ գործը մնացել է, ըստ էության, միայն ընտանիքի ուսերին: Ո՛չ դպրոցը, ո՛չ բուհը, ո՛չ պետական որևէ հաստատություն չեն իրացնում մշակութային անվտանգությանն ուղղված որևէ ծրագիր, բոլորը զբաղված են զուտ ֆիզիկական անվտանգության հարցերով:

Ֆիզիկական անվտանգությամբ կարող ես ապահովել քո լինելը, բայց ոչ՝ քո հայ լինելը:

Մովսես Դեմիրճյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more