Հնդկաստանի շունչը կրկին Հայաստանում է: Մինչև նոյեմբերի 1-ը Կառավարության ընդունելությունների տանը հնդկական ապրանքների ցուցահանդես է: Ներկայացված է սնունդ, հագուստ, կտորեղեն, կոսմետիկա, կահույք:
Առաջին տաղավարը, որը այցելուի ուշադրությունը գրավում է դեռ ներս չմտած՝ սնունդի բաժինն է: Հայերն համտեսում ու կուշտ-կուշտ գնումներ են սկսում կատարել: Ընտրությունը մեծ չէ. աջից աչքով է անում հնդկական սամոսեն, որը պարունակում է կարտոֆիլ, ոլոռ, հնդկական համեմունքներ, մեջտեղում բանջարեղեններից բաղկացած ուտեստն է, որը ներառում է ծաղկակաղամբ, սոխ, հավի կրծքամիս, հնդկական ընկույզ, իսկ ձախ կողմում հնդկական բրինձն է՝ քիմոնով ու համեմունքներով:
«Հայերը նախընտրում են սամոսեն, բայց կծու չեն սիրում՝ ի տարբերություն հնդիկների»,-ասում է զրուցակիցս:
Հաջորդ անկյունում հնդկական թխվածքաբլիթներն են.
Կարագով, նուշով, ջեմով 3 թխվածաքաբլիթը՝ 1000 դրամ է, 500 դրամ են մրգային թխվածքաբլիթները: Կա համտեսելու հնարավորություն.
«Վայ, բալա ջան, ափսոս, մոտիս գումարը վերջացավ: Ամենաշատը ջահելներն են վազում մանրուքների հետևից, բայց ես էլ վազեցի.թոռիկներիս, հարսիս համար մի քանիսը գնեցի..ոչինչ, հաջորդ անգամ կգամ ու սա կգնեմ»,-խոսքն ուղղելով վաճառողուհուն ու մատնանշելով թխվածքաբլիթները՝ ասաց Հասմիկ տատն ու հավելեց.
«Ափսոս, չկարողացա նաև շարֆերից գնել, թանկ էին»:
Շտապում եմ տատիկի նախանշած շարֆերի բաժին: Իրոք, թանկ են,-մտմտում եմ ես:
«Մաքուր քաշմիր ու մետաքս են, և որի մեջ մետաքսը գերակշռում է՝ մի փոքր թանկ է: Օրինակ, այծի բրդից բաղկացած պաշմինան 40.000-60.000 դրամ է, ոչխարի ու այծի բրդից բաղկացածը՝ 25.000»,-ներկայացրեց վաճառողուհին՝ փութալով տեղեկացնել, որ կան արհեստական և մատչելի շարֆեր:
Շարֆերն ուսումնասիրելիս ուշադրությունս գրավեց հինայած ձեռքերով աղջիկը: Պարզվեց՝ նա հինայով նկարում է ձեռքերի վրա:
«Հիմնականում նախընտրում են այն նախշերը, որոնք բնորոշ են հնդկական մշակույթին.իմպրովիզներ չեն սիրում: Գինը 1000 դրամից է սկսվում, և կախված է նախշի բարդությունից ու չափից: Հայերը նախընտրությունը տալիս են 1000 դրամի սահմաններում արվող նախշերին»,-ասաց նա՝ հավելելով.
«Հայերը շատ լավ տեղեկացված են, գրեթե ամեն ինչ գիտեն հնդկական մշակույթից: Օրինակ՝ երեկ մի աղջիկ ափի մեջ նկարել տվեց ու ասաց, որ, եթե ափի նախշը մաքրելուց հետո մուգ գույն է լինում, ապա հաջող ամուսնություն է սպասվում:
Մինչ մենք ամուսնությանն հարցերն էինք լուծում, կոսմետիկայի բաժնում խառնաշփոթ էր: Պարզվում է՝ հայերը շատ ունեն այնպիսի խնամքի միջոցների կարիք, որոնք որ կասեցնում են մազաթափությունը:
«Հայ կանայք նախընտրում են նաև մազերը հարդարելու հետևանքով վերականգնող յուղեր, որոնք խնամում, փայլ են տալիս: Նրանք գեղեցկության համար ոչինչ չեն խնայում: Իսկ տղամարդիկ մոտենում են միայն մազաթափության խնդիր ունենալու դեպքում»,-հայտնեց վաճառողուհին:
Իսկ, ահա օծանելիքի բաժնում շատերն են զարմանում.նույն յուղերը կարող են օգտագործել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: 8մլ-ն 2000 դրամ է:
Հնդիկ Ռիկին ասում է՝ հայերը լավ ժողովուրդ են, դրա համար միշտ զեղչեր ենք անում.
«Մտածում եմ՝ ՀՀ-ում բիզնես սկսել»,-հայտնում է զրուցակիցս:
Շտապում եմ հարցնել.կարո՞ղ ես, չե՞ս վախենում, որ կարող են ճնշել.
«Չէ, լավ ժողովուրդ են»,-լավատեսորեն ասում է Ռիկին:
Զրուցակցիս ոչ միայն այս լավատեսությունը, այլև հայերեն խոսելը զարմացրեց ինձ.
«Հայերեն սովորել եմ ընկերներիցս.կամաց-կամաց խոսքս լավանում է»,-ասում է Ռիկին:
Հնդիկ զրուցակիցս, ով արդեն 4-րդ անգամ է Հայաստանում՝ նշեց, որ հասցրել է լինել Սևանում, Գյումրիում, Արցախում:
Անի Կարապետյան