▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես էլի Մոնթեներ կուղարկեմ այդ շների դեմ. զոհված Մոնթեի մայրը` որդու մասին

BlogNews.am-ը գրում է.

Ցանկացած մարդ, ով գոնե մեկ անգամ այցի գնա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս զոհված 23–ամյա ավագ լեյտենանտ, տանկային վաշտի հրամանատար Բենիամին  Եղոյանի` Մոնթեի ընտանիքին, կհասկանա, որ հայրենիքը սկսվում  է այս ընտանիքից, որ հայրենասիրությունը և այդ անսահման, անձնուրաց սերը, պահանջատիրությունը Մոնթեի մեջ սերմանել է նրա ԶԻՆՎՈՐ ընտանիքը: Այստեղ պետք է ծնվեր Մոնթեն, ապրեր իր անվանն արժանի կյանք: Թալիշում թեժ մարտերի ժամանակ  որպես հրամանատար՝ իր տանկի վրա ամրացրել է եռագույնը ու նետվել մարտի ու այդ ժամանակ խոցել երկու տանկ, որից հետո ինքն է խոցվել։ Նա ոգեշնչել է իր զինվորներին, առյուծաբար մարտնչել ու զոհվել:

 Կայքի հետ զրույցում Մոնթեի մայրը հիշում է. «Զինվորականությունը մեր արյան մեջ է, դա մեր ապրելակերպն է: Մոնթեն չի ընտրել զինվոր դառնալու ուղին: Նա ծնվել է զինվոր: Երբ փոքր էր, Ներսեսի (Մոնթեի հոր) ջոկատի կամավորները նրա օրորոցին կոնֆետ դնելու փոխարեն փամփուշտներ էին դնում: Հենց այդ բարուրից էլ սկսվեց ամեն ինչ: Նա ծնվել և մեծացել է ազատագրական պայքարի մեջ: Դեռ փոքր տարիքից  երազում էր թշնամուն վերացնելու, զոհված հերոսների վրեժը լուծելու մասին: Պաշտում էր զինվորականի մասնագիտությունը, շատ էր ուզում կիրթ զինվորական լինել, անընդհատ մասնագիտական գրականություն էր կարդում: Տանը եղած ժամանակ էլ համակարգչով  էլի բացում էր ու տարբեր երկրների զինատեսակներն ուսումնասիրում: Ասում էի` բալես, չե՞ս հոգնում: Նեղանում էր...: 

Հատուկ խնամքով էր վերաբերվում իր զինվորական համազգեստին: Չէր թողում ես ու քույրը արդուկեինք, ասում էր` դուք ճիշտ չեք արդուկում օձիքը: Վերցնում էր արդուկն ու ինքն ուղղում համազգեստի ամեն մի անկյունը: Երբ ասում էի` Մոնթե ջան, բալես, քեզանից տանկի հոտ է գալիս, ծիծաղում էր թե, մամ, տանկի հոտը որն է»: 

«Ես ապրում էի Մոնթեիս արձակուրդից մինչև հաջորդ արձակուրդ գալը: Երբ ասում էի Երևան վերադարձիր, ասես վիրավորեի իրեն: Ուզում էր ամուսնությունը գրանցեր ու կնոջ հետ մշտական բնակության տեղափոխվեր Արցախ: Ասում էի. «Մոնթե ջան, այդ տարածքը, որ դու գնացել ես,  մեր պատմական Վարանդան է, թուրքերն են հորինել Ֆիզուլի անունը: Դու այնտեղ ես, որտեղ քո նախնիներն են, դա քո հայրենի հողն է, ու չմտածի մեկը, որ կարող է քեզ այդ հողից կտրել: Հիշիր, որ դու քո հայրենի հողի վրա ես, ամուր եղիր, բալես»:

Տիկին Հռիփսիմեն Աստվածաշնչից մեջբերում է անում. « Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի: Եվ միայն հիմա եմ ես հասկանում ՏՎԵՑ բառի ամբողջ իմաստը: Երևի ես էլ, մյուս զոհված հերոս տղերքի մայրերն էլ, մեր հողն այնքան ենք սիրել, որ տվել ենք մեր մինուճար որդիներին...,- և երկար դադարից հետո ավելացնում,- դա մեր հողն է, մենք մեր հողն ենք պահում: Թող մեր զինվորները ամուր կանգնեն ու ուժ ստանան այդ հողից: Թող իմանան, որ Մոնթես ու իր ընկերները ամենադժվար պահին պահեցին այն, այդ շակալների դրոշը տանկի տակ գցեցին ու չթողեցին մոտենան: Քշեք այդ շներին մեր հայրենիքի սահմաններից հեռու: Ոչ մի Ալիև իրավունք չունի մեր հողերին մոտ գալու: Թող ոչ ոք չկասկածի, որ ես ու յուրաքանչյուր հայ մայր այդ շների դեմ էլի Մոնթեներ կուղարկենք: Ես էլի կանեմ, մենք ՄԵՐՆ ենք պաշտպանում: Ես որդի եմ կորցրել, բայց մտածում եմ, եթե այդ պահին դա է արել, ուրեմն ճիշտը դա էր, իմ Մոնթեն ճիշտ է արել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more