▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում օձերը շատացել են.Ինչպե՞ս պաշտպանվել

ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը, ԲՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը և Առողջապահության  նախարարության  գլխավոր  թունաբան Միքայել  Գաբրիելյանն այսօր՝ լրագրողների  հետ հանդիպման ժամանակ խոսեցին օձերի ակտիվացման, դրանց՝ բնակելի  տարածքներ ներխուժելու և կանխարգելման միջոցների մասին:

Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ վերջին օրերին ահազանգերի թիվը զգալիորեն աճել է՝ անցած տարիների հետ համեմատած: Մեծ  են նաև բնակիչների՝ 911 ծառայությանը զանգելու դեպքերը:

«Նախկինում մարդիկ տեղում խնդիրն ավելի շատ  ինքնուրույն էին լուծում: Իսկ, հիմա մեր ծառայությանն են դիմում, ինչը ողջունելի է»,-ասաց ՏԿԱԻՆ ճգնաժամային   կառավարման    կենտրոնի   պետը:

ԲՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների  և  դենդրոպարկերի  կառավարման բաժնի  պետ Արամ Աղասյանն էլ նշեց, որ ոչ թե օձերն են շատացել, այլ դա սառնարյուն կենդանիների կենսակերպի առանձնահատկություններից է:

«Գարնանն ու ամռանը օձերը սկսում են ակտիվանալ, դուրս գալ և վարել իրենց կենսակերպը:  Եվ, օձերի թվաքանակը ոչ թե շատացել է, այլ մարդկանց գործունեությունը տեղափոխվել է դեպի օձերի ապրելավայրեր»:

Արամ Աղասյանը թյուր է հարմարում այն կարծիքը, թե օձերը շոգ եղանակին են դուրս գալիս.

«Հակառակը, շոգ եղանակին պատսպարվում են՝ խուսափելով արևի ուղիղ ճառայթներից: Հուլիս, օգոստոս ամիսներին նրանք տեղափոխվում են նկուղներ, խոնավ վայրեր»:

Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի գրանցվել է 23 դեպք.

«Բայց հունսին արդեն ունենք 5 դեպք: Հանրապետությունում այսօր գոյություն ունեն 23 տեսակի օձեր, որոնցից 4-ն են թունավոր: Դրանք իժերի ընտանիքի ներկայացուցիչներն են: Մարդկային մահվանը հանգեցնում են 2 տեսակի օձերը.գյուրզան և հայկական իժը: Մարդկանց ավելի շատ գյուրզան է հանդիպում: հատկապես մարզերում ոչ թունավոր օձերի կծածի դեպքում սկսում են բուժել որպես թունավոր օձի կծածի, որը շատ վտանգավոր է»:

Նրա  փոխանցմամբ՝ այսօր հիվանդանոցում 2 հոգի են.մեկին օձը կծել է Հրազդանի կիրճում, մյուսին՝ Քանաքեռում:

Երևանում և նրա շրջակայքում 30 կմ հատված, միայն գյուրզան է հանդիպում: Օրինակ Հրազդանի կիրճում գյուրզա տեսակի թունավոր օձն է ապրում: Երևանում հաճախ է հանդիպում կապարագույն և դեղնափոր սահնօձը: Սրանք թունավոր օձեր չեն, սակայն ակտիվ են իրենց պահում: 

«Եթե օձն է կծել, առաջին հերթին պետք է արտածծել կծած տեղը բերանով և թքել: Դա չի ազդում հիվանդ ատամների վրա, եթե չկա բաց վերք կամ արյունահոսություն, ստամոքսի խոց: Տուժածին պետք է պառկեցնել, անշարժացնել վերջույթը և հասցնել մոտակա հիվանդանոց: Չի թույլատրվում կտրվածք անելը, այրելը, դիմել հեքիմներին: Աշխարհում չկա մի ժողովրդական բժշկություն, որ օձի կծելու դեպքում կարողանա օգնություն ցույց տալ»:

Բանախոսների հաղորդմամբ՝ օձերի հիմնականում կարող եք հանդիպել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում:

«Եթե կենդանին հայտնվել է բնակարանում, չի կարելի նրան անկյուն մտցնել, վախեցնել: Անմիջապես պետք է զանգահարել 911 ծառայություն: Հատկապես ապրիլ-մայիս ամիսներին՝ բազմացման և ձվադրման շրջանում, օձը մեծ վնասներ  կարող է հասցնել:

Օձերը երբեք նախահարձակ չեն լինում.կծում են պատահականության դեպքում, երբ ասենք մարդը ոտքը դրել է նրանց վրա: Նրանց պետք չէ գցել անելանելի վիճակի մեջ, սկսում են պաշտպանվել»:

Անի Կարապետյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more