1in.am-ը գրում է.
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Վարդան Մ.-ի գործի դատական քննությունը:
Վարդան Մ.-ն մեղադրվում է որպես զենք կիրառված առարկայի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Ամբաստանյալը ավազակային հարձակման մեղադրանքը չի ընդունում:
Գործով տուժող Վարուժան Գ.-ն ազգությամբ հայ է, Էստոնիայի քաղաքացի: Ներկայումս նա Հայաստանում չէ:
Դատարանում հրապարակվեցին տուժողի նախաքննական ցուցմունքները:
2015 թվականի դեկտեմբերի լույս 23-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, տուժողը հաղորդում է տվել ոստիկանությունում, որ նախորդ երեկոյան, ժամը 21-22-ի սահմաններում Կողբացու փողոցում իր վարձակալած բնակարան այցելած, իրեն «Արտյոմ» անունով ներկայացած երիտասարդը իրենից գումար է պահանջել, ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն, իսկ հեռանալիս հափշտակել է իր պայուսակը՝ 40 եվրո գումարով:
Նախաքննական ցուցմունքում տուժող Վարուժանը հայտնել է, որ 1980 թվականին մշտական բնակության է մեկնել Էստոնիա, այնտեղ ստացել է քաղաքացիություն, ներկայումս հիմնականում ապրում է Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում:
2015 թվականի դեկտեմբերի19-ին «Հայրենիքի կարոտն առնելու համար» ժամանել է Հայաստան, անշարժ գույքի գործակալի միջոցով բնակարան է վարձակալել Երևանի Կողբացու փողոցում:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 21-22-ի սահմաններում գնացել է Հանրապետության հրապարակ, որտեղ այդ երեկո տոնածառի լույսերը միացնելու արարողություն էր:
Ըստ Վարուժանի ցուցմունքի՝ ինքը գտնվել է «Մարիոտ» հյուրանոցի և «Հայփոստի» շենքերի միջնամասում: Մոտեցել է այնտեղ կանգնած երկու երիտասարդների ու խնդրել է, որ նրանք իրենց հեռախոսով լուսանկարեն իրեն տոնածառի ֆոնի վրա: Իր հեռախոսը լուսանկարելու գործառույթ չուներ, դրա համար է այդ տղաներին խնդրել: Եթե նրանք իրեն լուսանկարեին, լուսանկարն էլ ուղարկեին իրեն, ինքը պատրաստ էր վճարել նրանց: Բայց տղաները չեն լուսանկարել՝ ասելով, թե իրենց հեռախոսները լիցքաթափված են:
Ինքը որոշել է գնալ տուն:
Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի մոտակայքում անցել է մի տղայի կողքով, նա իրեն ասել է. «Արդեն մոռացա՞ր», քանի որ ինքը անցնում էր առանց նրան ուշադրություն դարձնելու, բացի այդ՝ ինքը տեսողական խնդիրներ ունի:
Պարզվել է, որ դա հրապարակում կանգնած այն երկու տղաներից մեկն է: Նա իրեն ներկայացել է «Արտյոմ» անունով: Դեպքի կատարման հետ կապված՝ հիմա ինքը գիտի, որ այդ երիտասարդը իրականում Վարդան Մ.-ն է:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում