«Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ հուլիսի 19-ին Խորենացու փողոցում, իսկ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում ոստիկանական ուժերի հակաժողովրդական, անմարդկային ու ագրեսիվ գործողությունների առիթով ծառայողական քննության արդյունքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օգոստոսի 5-ին մի շարք բարձրաստիճան ոստիկանների կարգապահական տույժի ենթարկեց: Պաշտոնական հաղորդագրության մեջ գրված էր.
«Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ենթակա ուժերը հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ճիշտ չտեղաբաշխելու, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, ինչպես և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու համար խիստ նկատողություն է հայտարարվել.
- ԵՔ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանին»:
Երեք օր անց, օգոստոսի 8-ին, նույն Վլադիմիր Գասպարյանը նույն Աշոտ Կարապետյանին ազատեց աշխատանքից:
Ոստիկանության մեր աղբյուրի վկայությամբ «ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարող, լրագրողների դեմ բռնություն կատարող» գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանին եկող շաբաթ կնշանակեն ավելի բարձր, ավելի պատասխանատու պաշտոնում:
Երեկ մահացավ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Գագիկ Ավետիսյանը: Ծառայակիցների ու շրջապետի վկայությամբ նա իր գործը պատվով էր կատարում և հրաշալի մարդ էր: Ցավակցություն հայտնելով հարազատներին ու մտերիմներին, ներողություն ենք խնդրում այս նյութում նրա անունը հիշատակելու համար: Բայց նրա պաշտոնն առնչվում է մեր նյութին:
Եվ այսպես, ՀՀ ոստիկանապետը եկող շաբաթ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ կնշանակի Աշոտ Կարապետյանին:
Հ.Գ. Կա նաև այլ տեսակետ, ըստ որի Ա. Կարապետյանը ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի համեմատ այն օրերին շատ ավելի կոռեկտ էր, բայց «կուժն» իր գլխին կոտրվեց:
Աղբյուրը՝nyut.am