Լրագրող Նարինե Կիրակոսյանի գրառումը․ «Երևանի դեղատներում ինքնազգացողությունը վատացած մարդուն դուրս են հրավիրել, մերժելով առաջին օգնությունը ցուցաբերել
Հարգելի ընկերներ, այս գրառումը ծանոթներիցս մեկի խնդրանքով եմ անում, որովհետև սա պարսավելի մի օրինակ է, երբ մարդկայինը վերացել է մարդկանց մեջից և հատկապես առողջապահության համակարգի ոլորտի աշխատողների։ Նկարներում Դավթաշենում 1 և 3 թաղամասերի միջով Տիգրան Պետրոսյան փողոցի վրա գտնվող դեղատներն են, ուր այսօր մի քաղաքացի մտել է և տեղեկացնելով, որ վատ է իրեն զգում խնդրել ճնշման ապառատով չափել իր ճնշումը։
Այդ երեք դեղատներում էլ նրան պարզապես հրավիրել են դուրս, ասելով, որ իրենք նման ծառայություն չեն մատուցում։ Ինքնազգացողությունը վատացած մարդը ոտ-ոտ է այդ դեղատներով անցել։ Առաջինում մերժել են, մտել է կողքին, երրրորդից հետո էլ ավելի է վատացել ․․․
Ըստ ինձ փոխանցված տեղեկության, դեղատներում նույնիսկ ջուր չեն առաջարկել, թեպետ պետք է ունենալ ջրի ապառատ, կամ շշով ջուր, որովհետև նրանց ծառայություններից օգտվողը կարող է դեղը ցանկանա հենց տեղում խմել։ Չեն առաջարկել նաև շտապ օգնություն կանչել։
Հիմա, ինձ հետաքրքիր է, երբ մենք, լրագրողներս որևիցե խնդիր են վերհանում, ապա պետական կառույցներին և համակարգային պատասխանատուներին ենք նշում թերացումները շտկելու ակնկալիքով։
Բա այս դեպքում ո՞ւմ ասենք, որ դեղատների աշխատակիցները, որոնք պետք է որ Բժշկական ուսումնական հաստատություն ավարտած լինեն, առնվազն դեղագործական բաժինը և Հիպոկրատի երթում տալ, իրենց պահել են անմարդկային։
Ես դեռ չեմ ասում, թե ի՞նչ կանոններ պետք է դեղատնում գործեն, եթե փողոցում վատացած մեկը իրենց դուռն է բացում։ Ամենաքիչը առաջին օգնությունը պետք է կարողանան ցուցաբերել։ Իսկ այս դեպքում մարդուն դռան տեղն են ցույց տվել։
Սրան ո՞նց նայենք, ո՞նց էս երևույթի դեմն առնենք ․․․»։