«Վաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաայ, լավ կլիներ մի քիչ էլ սպասեիք, հետո քննարկեիք, քանի օր է սոցցանցերում խոսվում էր այս մասին, ԿԳ նախարարն էլ համոզված հայտարարեց, որ դասերը հետաձգելու առիթ չկա, հիմա էլ պարզվում է, որ շատ էլ լավ՝ կա, դպրոցներում ցուրտ է: 2-3 օր առաջ որ քննարկեին մարզերի հետ ու ժամանակին հայտարարեին, ի՞նչ կլիներ:
ԿԳ խոսնակ Լուսինե ջան, ԿԳՆ-ի էջի այս պահի նյութը տարբերվում է նախորդից, նախորդում չկար որոշ մանրամասներ քննարկումների, ժամը 10-ից սկսելու ու դասաժամերը կրճատելու մասին, ստացվում է,
տիկին Հովհաննիսյանը ճիշտ է ասել, որ այսօր են սկսվել այդ քննարկումներն ու շատ հնարավոր է, երեկոյան ստիպված լինեք հայտարարել դասերը հետաձգելու մասին»,-այսպես է արձագանքել Անահիտ Բախշյանը լուրին, ըստ որի գարնանային արձակուրդների փոխարեն, աշակերտները հնարավոր է՝ հունվարին տանը մնան ևս մեկ շաբաթ։
Հիշեցնենք, որ այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։
Վարչության պետի խոսքով՝ նախարար Լևոն Մկրտչյանն այժմ այդ հարցը քննարկում է մարզպետների հետ, որպեսզի հասկանա հանրապետության ընդհանուր իրավիճակը։
«Մարզեր կան, որտեղ տաք է և դասերը հետաձգելու պատճառ չկա, իսկ Արարատի մարզից մեզ դիմել են, որպեսզի երեխաները ժամը 10-ից դպրոց հաճախեն, որպեսզի տաք լինի»,- նշել է Նարինե Հովհաննիսյանը։
Նախարարությունում քննարկվում է նաև գարնանային արձակուրդների հաշվին ձմեռայինը երկարացնելու հարցը։