▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուխ» պետք է ունենաս, որ Իսկանդերը օգտագործես. Սամվել Բաբայան

Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադարձել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, Յուրի Խաչատուրովի` ՀՀ ԶՈԻ-ից Անվտանգության խորհուրդ տեղափոխվելուն, Կարեն Կարապետյանի նշանակմանը, «Իսկանդեր» հրթիռներին:

-Պարոն Բաբայան, 5 տարվա ընդմիջումից հետո Ղարաբաղ այցելելուց հետո բավական պասիվ եք, թեպետ դրան այդքան իրադարձություններ են հաջորդել . «Սասնա ծռերի» ապստամբություն, կառավարության հրաժարական, նոր կառավարություն…

-Ես պասիվ էլ եղել եմ ու չեմ ասել, որ զբաղվելու եմ ինչ-որ բաներով, որ հետո էլ պասիվ դառնամ:

-Քաղաքականություն մտնելու հայտ էիք ներկայացրել:

-Ոչ, ես ասել եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:

-Բայց Դուք չէիք բացառել, որ ինչ-որ ուժերի, մասնավորապես, «Համախմբման» հետ կհամագործակցեք:

-Կգա ժամանակը` կխոսենք, հլը ժամանակը չի:

-Բայց չէ, որ բոլոր քաղաքական ուժերը արդեն ոչ պաշտոնապես, բայց նախընտրական քարոզարշավի մեջ են: Ինչո՞ւ եմ ասում` սա նշանակում է, որ դեռ որոշում չե՞ք ընդունել:

-Ես դեռ չգիտեմ` քաղաքական ինչ ուժեր են մտել պայքարի մեջ, չեմ տեսնում ուղղորդող  քաղաքական ուժերին: Եվ, հետո,  ես կոնկրետ չեմ ասել` ինչ քաղաքական ուժի եմ աջակցելու: Եվ եթե իմ որոշումը կայացնեմ` օֆիցիալ կհայտարարեմ: Էսօր նման որոշում չունեմ:

-Փաստորեն, նման հավակնոտ կերպով  վերադարձաք, ու հիմա, նախկինի նման ակտիվ չեք:

-Դա Ձեր տպավորությունն է, ես փորձել եմ իմ մտահոգությունները հնչեցնել ռազմական առումով:  Ես փորձել եմ իմ գիտելիքներով, իմ իմացածով, ինֆորմացիայով ներկայացնել, բացատրել, բայց եթե չի ընդունվում, ասում են` «մենք ամեն ինչ շատ լավ գիտենք»… դե գիտեն, թող անեն: Եվ եթե ինչ-որ բան եմ հուշում, իրենց ընկալումն այն  է, որ ես ինչ-որ բան եմ ուզում, անձնական խնդիր եմ լուծում, ինչ ասեմ.. Ես ասել եմ` մենք  ո՞նց պետք է զարգանանք, ի՞նչ տակտիկա պետք է ընդունենք, ի՞նչ ռազմավարություն, ի՞նչ զենքերով պետք է կռվենք:

-Դե, ըստ  ռազմաքաղաքական ղեկավարության` առաջնագծում փոփոխություններ են եղել,  խրամատներ են փորել, նոր սպառազինություններ են ձեռք բերվել վերջապես:

-Էդ ինչ մետալալոմ ունեցել են, էդ մետալալոմն էլ մնում ա, էդ «Իսկանդեր-միսկանդեր», 14 թվին են բերել, էսօր են ցույց տալիս: Ուրիշ ինչ են բերել, կարա՞ք ասել:

-Եթե 14 թվականին  բերել էին, ինչո՞ւ ապրիլյան պատերազմի ժամանակ չկիրառվեց՝ ըստ Ձեզ:

- Էդքան էլ «դուխ» պետք է ունենաս, որ դա օգտագործես:

-Այսինքն, ըստ Ձեզ, եթե պատերազմը, Աստված մի արասցե, վերսկսվի, մերոնք «դուխ» չե՞ն ունենա այն օգտագործելու:

-Հա,  մի հատ խբեցիք Բաքու, 50 հատ էլ ինքն ուղարկում է Երևան, ի՞նչ ես անելու: Դրա համար,  առաջին հերթին,  քեզ պետք է պաշտպանես, որ ինքը չկարողանա ուղարկի, որ նոր դու կարողանաս խփես։ Ես հենց դրա մասին էլ բացատրել եմ:  Ցավոք, մեր իշխանությունը չհասկացավ:  Քանի դեռ դու պաշտպանված չես, նման բաները իմաստ չունեն, որովհետև կրկնում եմ` Բաքու 5 շենք փլուզել ես, մի 5 էլ ինքը Երևան է փլուզել:

-Բայց ինքը «Իսկանդեր» չունի:

- Ինքը «Տոչկա-Ու» ունի, 6-7 ձևի հրթիռ ունի, ինչ կապ ունի` անունը «Իսկանդե՞ր» է, թե ինչ է:

-Գոնե մեզ ներկայացվել էր, որ ամենահզոր զենքն է:

-Դա հզոր զենք ասել… դա հզոր է, երբ որ «յադերնի նաչինկա» ունի, «բայեգալովկեն» «յադերնի» ա.. թե չէ նույն հրթիռն է, ուղղակի նրա արագությունը  ուժեղ է, դրան հակաօդային ուժերին դժվար է եղել խոցել: Դրանում է իր առավելությունը:

- Բայց ես միայն «Իսկանդերի» մասին չէի խոսում, խոսում էի առաջնագծում կատարված փոփոխությունների, փորված խրամատների, ինժեներական կահավորումների մասին: Դա էլ ե՞ք համարում, որ ոչ մի բան չի եղել:

-Նորից եմ կրկնում, որ ունենալու համար  անհրաժեշտ  հնարավորությունները, պետք է փոխել ռազմավարություն, ունենալ այլ տեխնիկաներ: Նոր սերնդի: Իսկ թե խրամատը մի մետր ավել են փորել, թե պակաս, արդեն իրենց խնդիրն է, էսա 25 տարի է փորում են էլի…

Բաբայանն ասել է նաեւ, որ բացասական է գնահատում Սեյրան Օհանյանին պաշտպանության նախարար չվերանշանակելուն, իսկ Խաչատուրովի հեռացումը ՀՀ ԳՇ պետի պաշտոնից՝ դրական: Նա ասել է, որ ճարպակալված  ուղեղները պետք է փոխվեն:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more