Armtimes.com-ը գրում է.
Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին պատերազմական գործողությունները կարծես դադարել են, սակայն նաեւ բանակցություններ չկան վերջնական խաղաղության հաստատման հարցում պայմանավորվածություն ձեռքբերելու շուրջ: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման հնարավորության մասին՝ Սերժ Սարգսյանն իր կուսակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ դրա համար անհրաժեշտ է կյանքի կոչել երեք քայլ՝ հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ եւ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ահաբեկչության: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ զրուցել ենք այս պայմանների իրագործման հարցում առաջընթացի եւ այլ հարցերի շուրջ:
- Պարոն Բաբայան, Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսարեւմտյան ուղղությամբ: Առաջին անգամ է օգտագործվում ուժեղացված բառը: Ի՞նչ է դա նշանակում:
- Խոսքը թերեւս այն մասին է, որ քառօրյա պատերազմից հետո անվտանգության միջոցառումներն են եղել ավելի բարձր մակարդակի վրա: Որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, անցկացվել է հերթական մշտադիտարկում: Բայց ընդդհանրապես այս հարցը կարեւոր է այն առումով, որ հիմա արդեն անհրաժեշտ է լուրջ մեխանիզմներ մշակել եւ ներդնել զինադադարի ռեժիմի խախտումների տեղն ու վայրը, ինչպես նաեւ խախտող կողմին արձանագրման համար:
- Հետաքննության մեխանիզմի ներդրման հարցը նաեւ Սերժ Սարգսյանի առաջադրած 3 պայմանների մեջ կար: Արդյո՞ք այս ուղղությամբ քայլեր արվում են:
- Գիտեք, պետք է արվեն: Դեռեւս քննարկման մեջ է, բայց սա ամենաստորին օղակն է ռազմական նշանակություն ունեցող ոլորտում, որը գրեթե անտեսված է եղել այս բանակցային գործընթացի ընթացքում: Հիմնական շեշտը դրվել է կարեւոր խնդիրների լուծմանը, «ամենաբարձր հարկերին»՝ կարգավիճակ, սահմաններ...Բայց առանց այդ հիմքի, այդ ստորին օղակի՝ հնարավոր չէ առաջ գնալ եւ չորսօրյա պատերազմը ցույց տվեց դա: Պաշտոնական Ստեփանակերտը բազմաթիվ անգամ առաջարկել է նման մեխանիզմների մշակումն ու կիրառումը: 2007 թվականից առաջարկում է, որպեսզի դիպուկահարները հետ քաշվեն: Չեն արել դա՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շնորհիվ: Արդյունքում փոխվել է հրադադարի խախտումների որակը. արդեն ոչ թե դիպուկահարներն են խախտումներ կատարում, այլ ավելի ծանր զինատեսակներ: Այդ ընթացքում պաշտոնական Ստեփանակերտն առաջարկել է ստեղծել հանգստյան օրեր եւ գոնե կրոնական, ազգային տոների օրերին չկրակել: Դա եւս Ադրբեջանը մերժել է: Հիմա եթե ժամանակին խախտումները ֆիքսելու այդ մեխանիզմները մշակվեին՝ միգուցե այս քառօրյա պատերազմը տեղի չունենար եւ այսքան զոհեր չլինեին: Բայց հիմա, հաշվի առնելով, որ այդ քառօրյա պատերազմը նաեւ մեծ հարված է հասցրել բանակցային գործընթացին, մտցրել է գրեթե փակուղի, պետք է վերակենդանացնել բանակցային գործընթացը, որը շատ դժվար է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում