▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան փաստն է խոսում.Հայրիկյանը գիրք է գրել

Ժամանակի ընթացքում  ես ևս մի երևույթ բացահայտեցի.բացարձակապես անհնարին թվացող ամեն ինչ ունի լուծում, պարզապե  այդ լուծումը պետք է համառորեն փնտրել, նախ և առաջ վստահ լինելով, հավատալով, որ լուծումը գոյություն ունի, պարզապես քեզ առայժմ հայտնի չէ:

Պարույր Հայրիկյան

Այսօր «Թեքեյան Կենտրոն»-ում տեղի ունեցավ  ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի՝ «Իմ բանտային հուշերից» (1965-1973թթ.) գրքի  առաջին մասի շնորհանդեսը:

«Հետևելով պատմության ընթացքին՝ հասկացա, որ, եթե ես չգրեմ իմ ընկերների մասին, որոնցից շատերը մահացել են, ապա էլ ո՞վ: Ուրիշներն ինչ էլ որ գրեին, փոքր-ինչ ուռճացված էր լինելու, կամ հակառակը, թերագնահատելու էին մարդուն: Այսպիսի մի տող ունեմ.ես մեռնելու իրավունք չունեմ, որովհետև բոլոր ընկերներիս հանդեպ պարտքս պետք է կատարեմ ու որքան հնարավոր է պետք է գրեմ նրանց մասին»,-ասաց Պարույր Հայրիկյանը՝հավելելով.

«Հիմա գրում եմ գրքի երկրորդ և երրորդ մասերը: Ես զգում եմ, որ այսպիսի գործ մարդկությունը չունի: Ես վեր եմ հանում պատմություններ, իրադարձություններ, որոնք բացառիկ են»:

Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ, ով մեկ օր առաջ խնդրել ու որոշ չափով հասցրել էր ընթերցել այս գիրքը՝ շնորհավորեց հեղինակին՝  նշելով.

«Շատերը կանչում են՝ չեմ գնում, քանի որ ո՛չ գրողը կա, ո՛չ գրականությունը: Բայց Հայրիկյանինն ուրիշ է, որովհետև կա մարդը, կա ճակատագիրը, ժամանանակն ու պետությունը: Գրքում անուններ են, որոնք պատմություն են կերտել.Աշոտ Նավասարդյան, Պարույր Հայրիկյան, Ստեփան Զատիկյան, Ազատ Արշակյան…Ուշադիր կարդացի գրքի առանձին էջեր և ինձ մեկ բան ուրախացրեց.ամեն կերպ այնպես է արվել, որպեսզի փաստը, իրողությունը խոսի, ոչ թե ենթադրությունը: Այսօր մեր գրականությունը հեռացել է ընթերցողից, որովհետև ճշմարտություն չկա մեջը: Սուտ պոեզիա, սուտ արձակ, իսկ մարդը որոնում է ճակատագիր: Ժամանակին առիթ ունեցել եմ արխիվներում օրեր ու ամիսներ լուսացնել, ու, երբ թերթում էի Թոթովենցի, Մահարու ու մյուսների մասին նյութերը, հարցաքննություններ էին, դատավճիռներ, գնդակահարություններ, աքսոր: Նոթատետրում նշումներ էի անում, մարմինս փշաքաղվում էր: Իսկ օրվա վերջում, երբ դուրս էի գալիս քաղաք, տեսնում էի, որ արև կա, լույս կա, մարդ կա…Տպավորություն էր, որ գերեզմանից եմ դուրս եկել, իսկ Դուք ապրել եք այդ կյանքը և այն դաժան փաստագրական իրողությունը որ կարողացել եք տեղ հասցնել, մեծ բան է: Կեցցե՛ք, որ համարձակություն եք ունեցել մտնել այդ հիշողությունների աշխարհը»:

Շնորհանդեսին ներկա էր նաև բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ում կարծիքով՝ գրքի միջոցով բացի գիտականից ու ճանաչողականից ընթերցողին փոխանցվելու է մեծ հպարտություն.

«Ոչ մի բանտարկություն, ոչ մի զրկանք նրան չեն կարողացել  հետ պահել, քանի որ նպատակ է ունեցել հասնել իր գաղափարների հաղթական ավարտին»,-խոսելով Պարույր Հայրիկյանի մասին՝ ասաց բանաստեղծը:

Ստորև հատված՝ «Իմ բանտային հուշերից» գրքից.

 «...Ընդունարանի հեռախօսախեղդ սեղանի մոտ բարձրաստիճան սպա էր նստած։ Եթէ յիշողութիւնս չի դաւաճանում գնդապետի աստիճան ուներ։ Այնտեղ էր նաեւ քննչական բաժնի պետ գնդապետ Դադայեանը։ Մեզ հրաւիրեցին գեներալի աշխատասենեակ։ Երկար եւ ծանր սեղանը զբաղեցնում էր աշխատասենեակի զգալի մասը։ Նրա վերջում նստած էր բարձրահասակ մոտ վացունամեայ սպիտակահեր գեներալ Բադամեանցը։

Նրանից քիչ հեռու սեղանի մոտ նստած էր մի գնդապետ։ Հաւանաբար իր համհարզն էր։ Դադայեանն ու Ենգիբարեանը պաշտոնապէս ողջունելուց յետոյ սեղանի մոտ նստելու ինձ համար անտեսանելի հրաւէր ստացան։ Ինձ համար նախատեսուած էր երկար սեղանի այս ծայրի նստատեղը։ Աթոռը հատակին ամրացուած չէր, ինչպէս քննասենեակում։ «Ես ստացել եմ Ձեր դիմումը, որով ցանկութիւն եք յայտնում հանդիպել ինձ հետ»,-հարգալից ոճով սկսեց Բադամեանցը,-Ես լսում եմ ձեզ»։ «Ես կուզէի ձեզ հետ առանձին խօսել»,- պատասխանեցի ես։ «Ներկաներն իմ աշխատակիցներն են։ Ես առանց նրանց ոչինչ չեմ անում»։ «Բայց այն, ինչի մասին ես ուզոմ եմ խօսել ձեզ հետ...Ես չեմ ուզում, որ կողմնակի մարդիկ լինեն»։ Մայոր Ենգիբարեանն ու համոզուած եմ, նաեւ երկու գնդապետներն այդպիսի իրավիճակներում երբեք չէին եղել եւ նրանց դէմքերին քողարկուող շփոթմունք կար։ Ասէս որպէս փոխզիջում գեներալը նշան արեց իր օգնական գնդապետին դուրս գալ աշխատասենեակից, ապա դիմեց ինձ,-«Ես չեմ կարող գաղտնիք ունենալ քննչական բաժնի պետից եւ ձեր քննիչից»։ Ես որպէս վերջին փաստարկ, սակայն իրականում որպէս իմ նահանջի (դա կռահում եմ հիմա, իրադարձութիւնից մոտ կէս դար՝ 45 տարի անց) նախապատրաստում հարցրի․-«Դուք վստահու՞մ եք նրանց»։

«Լիովին,- պատասխանեց ՊԱԿ-ի նախագահը,-կարող եք սկսել»։ Եւ ես ներկայացրի իմ առաջարկը։ Չգիտեմ, «չեկիստներն» ինչ էին սպասում, բայց ես ամենայն լրջութեամբ կոչ էի անում յանուն մեր ազգային ազատութեան, յանուն մեր ազգային հարցերի պայքարել համատեղ։ «Խօսքը չի վերաբերում այս պահին։ Ես հիմա կգնամ, կանցկացնեմ իմ ազատազրկումը կալանավայրում, բայց քանի որ դուք էլ, մենք էլ հայ ենք, պիտի միասին պայքարենք մեր արդարացի խնդիրների լուծման համար՝ դուք՝ վերեւից, մենք՝ ներքեւից»։ Քննչականի պետն ու քննիչս մումիայի պէս լուռ էին։ Նրանց դէմքերը որեւէ զգացում չէին արտայայտում։ Գեներալն այնպիսի տեսք ուներ, ասես, ձայնասփիւռով ինչ-որ հեռաւոր, անհասկանալի բան էր լսել։

Եկաւ իր խօսելու հերթը եւ ահա, թէ նա ինչ ասաց։ «Ձեր գործունէութեան հետեւանքով Հայաստանը վատ վիճակի մէջ է յայտնուել։ Մենք հայերս խայտառակ ենք եղել. մեր ուկրաինացի եւ միւս ազգերի գործընկերներն ասում են, որ հայերս նացիոնալիստ ենք։ Դուք ծանր վիճակում եք եւ պէտք է մտածեք ձեր եւ ձեր ընկերների մասին։ Դուք պիտի օգնեք մեզ՝ քննութեանը, գտնել նրանց եւ թոյլ չտալ խորանալ այդ սխալ ճանապարհի մէջ։ Մի ամսից աւելի է դուք կալանաւորուած եք եւ ցուցմունք չեք տալիս։

Պիտի հասկանաք, որ դա ծանրացնում է ձեր վիճակը»։ Ես լսում էի եւ զգում, որ նա չի լսել, չի կամեցել լսել իմ ասածը։ Գեներալին այդ հանդիպումը պէտք էր, կարծես, ոչ թէ իմ ասածը լսելու, այլ իր ասելիքն ինձ փոխանցելու համար։ Իր՝ ահ ու սարսափ «կագէբէ»-ի ղեկավարի հեղինակաւոր խօսքը։ Գուցէ այդ պահուածքը բխում էր նաեւ ինքնապաշտպանական զգացումից․ երկու չեկիստների ներկայութեամբ «պետական յատուկ վտանգաւոր յանցագործը» դիմել է իրեն համագործակցութեան կոչով։ Դրանից վտանգաւոր ի՞նչ կարող էր լինել, իսկ այսպէս նա «չի էլ նկատել, որ իրեն այդպիսի առաջարկ է արուել»։ Հասկացայ, որ շարունակելն աւելորդ է, չնայած սկզբից էլ այլ զարգացում սպասելի չէր»։ 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more