Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մոտ գտնվող հնավայրում, որը հայտնի է Օձաբերդ անվամբ, նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական նոր շերտեր են հայտնաբերել:
«Հայկական լեռնաշխարհում կան ուսումնասիրված բազմաթիվ ամրոցներ, դամբարանային համալիրներ, սակայն ամրոցների հետ մեկտեղ պեղված բնակավայրեր, ցավոք, մենք շատ քիչ ունենք: Այս առումով բացառություն չի կազմում Սևանի հարավային ավազանը, որտեղ բացված առաջին բնակավայրերից մեկն արդեն հայյտնի է դառնում գիտական շրջանակներին: Հետաքրքիրն է, որ սենյակներից մեկում փոս արեցինք, որի արդյունքում բացվեցին իրար հաջորդող ուրատական և նախաուրարտական ժամանակաշրջանի շերտեր:
Ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս տեղեկություն կազմել բնակավայրի պատմության վերաբերյալ: Ուստի, կարող ենք ենթադրել, որ ուրատական ժամանակաշրջանի կառույցի վրա էլ հետագայում ստեղծվել է այս բնակավայրը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, Օձաբերդի հայ-իտալական արշավախմբի համաղեկավար Միքայել Բադալյանը:
Հնագետի խոսքով՝ այնտեղ կա մի արձանագրություն, որը շատ կարևոր է.
«Օձաբերդի ժայռերից մեկի վրա Ռուսա 1-ին արքան տեղեկացնում է, որ Սևանա լճից այն կողմ նվաճել է 19 երկրներ և, գերել է 4 երկրների արքաների: Հետո նա հիշատակում է, որ կառուցել է այս ամրոցն ու այն ձոնել է հողմի և անձրևի Թեյշեբա աստծուն»:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանն էլ նշեց, որ պեղումներն իրականացվում են սկսած 2014 թվականից, «Էթնոս» էթնո մշակութային գիտական հետազությունների կենտրոնի և Հռոմի «Միջերկրածովյան հնագիտական հետազոտությունների ասոցիացիայի» նախաձեռնությամբ:
«Ծովիները տալիս է և համոզված եմ՝ դեռևս տալու է»,-հավելեց Աշոտ Փիլիպոսյանը:
Հնագետների փոխանցմամբ՝ այս բանակավայրում նստակյաց կենսակերպ են վարել, անասնապահությամբ, երկրագործությամբ են զբաղվել: Ունեցել են ընդգծված մշակութային կապեր ոչ միայն Հայաստանում, այլև Հայկական լեռնաշխարհից դուրս:
Միքայել Բադալյանի փոխանցմամբ՝ պեղումները կշարունակվեն հաջորդ տարի: Նախտեսում են պեղել նաև մի հետաքրքիր կառույց, որի ամբողջ մակերեսին կարասի բեկորներ են թաղված: Այն ունի բավական հզոր պատեր և չի բացառվում, որ գործ ունենանք կարասային սրահի կամ տնտեսական կառույցի հետ:
Սա եզակի արշավախմբերից մեկն է, ֆինանսավորումն իրականացվում է հայկական կողմի ջանքերով:
Նշենք, որ Ծովինարի ամրոցը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Արծվանիստ եւ Ծովինար գյուղերի միջեւ` ծովի մակարդակից 1960 մետր բարձրության վրա: Ժամանակին՝ ընդհուպ մինչև Արփա-Սեւան ջրատար թունելի կառուցումը (1963-1981 թթ.) ամրոցի տարածքը լի է եղել օձերով, ինչի պատճառով էլ այն տեղացիների կողմից ստացել է Օձաբերդ անվանումը:Հուշարձանի ուսումնասիրությունները սկսվել են դեռեւս 1860-ական թվականներից: