▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչն է ստիպում մարդկանց մասնակցել ընտրությունների, որտեղ ի վիճակի չեն հաղթելու»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ծառուկյան Գագիկը հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին: Այսօրվա դրությամբ, նույնաբովանդակ հայտարարություն են հնչեցրել մի շարք այլ, այդ թվում նորաստեղծ, ուժեր: Շուտով բոլորը հերթով, կարգով, շարքով հայտարարելու են ընտրություններին իրենց մասնակցության մասին:
Արդյո՞ք Ծառուկյան Գագիկն ու մնացածը չգիտեն, որ Հայաստանում ընտրություններով ոչինչ չի լուծվում: Իհարկե, գիտեն: Ավելին` վերջիններս Հայաստանի ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ ամեն ինչ գիտեն: Նրանք գիտեն նաև, որ ի վիճակի չեն հաղթելու: Այդ դեպքում, ի՞նչն է ստիպում մարդկանց մասնակցել մի միջոցառմանը, որտեղ նրանց հաղթանակը չի սպասվում:
Հայաստանում «քաղաքականությամբ» զբաղվողների զգալի մեծամասնությունը «արտաքին» տերեր ունեն, հետևաբար` համապետական ընտրությունները տերերին հաշվետվություն ներկայացնելու և լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալու լավագույն միջոցն է: Ընտրություններին մասնակցող մնացած ուժերն ինչ-որ ֆինանսական կամ այլ ռեսուրսների փշրանքներ ստանալու հույս ունեն:
Իսկ հայաստանյան ուժերի «արտաքին» նվագապետերը նախապես գիտե՞ն, թե ով է «հաղթելու» կամ որ ուժն ինչքան ձայն է ստանալու: Կարծում եմ` գիտեն: Ամբողջ խնդիրն այն է, որ, եթե «արտաքին» նվագապետերը ցանկանային Հայաստանում իշխանություն փոխել, ապա դա կիրականացնեին առանց ընտրությունների: Այնպես, ինչպես 2018 թվականին: Իսկ ընտրություններով վերջիններս լուծում են բացառապես ընդդիմության խնդիրը: Այսինքն, Հայաստանում համապետական ընտրությամբ ընտրվում է ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն: Եվ, քանի որ բոլորին միևնույնն է Հայաստանի ապագան, ապա շուտով ականատես ենք լինելու ընդդիմության համար «թեժ» պայքարին:
ՀԳ. Հայաստանում իրական իշխանափոխության համար անհրաժեշտ է սահմանադրական ճգնաժամ ստեղծել: Դա իր հերթին նշանակում է, որ բոլոր ուժերը պետք է «հերթով, կարգով, շարքով» ... չմասնակցեն ընտրություններին: Իշխանափոխության համար սա է իրավական միակ ճանապարհը: Մնացածը` տեսանք 2018 թվականին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more