▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողներ կան թեկուզ իրենց երեխեքի դին հողին են հանձնել, բայց մենք դա էլ չենք տեսել

168.am-ը գրում է. Արցախում զոհված զինծառայող Վահե Զաքարյանը Հրազդան քաղաքից էր: 1995թ. ծնված զինծառայողը երկար տարիներ զբաղվում էր սպորտով: 2014թ. ընդունվել էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, ինչից անմիջապես հետո զորակոչվել էր բանակ: Վահեն երկու քույր ունի: Այդ ողբերգական օրը Վահեի հայրը, մայրը, ինչպես նաև՝ քույրերից մեկը, գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում:

Վահեի հայրը՝ Սամվել Զաքարյանը, ասում է՝ ցանկանում եմ, որ նման բան այլևս չկրկնվի.

«Թող ոչ մի ծնող այս բանը չզգա. սա շատ դառն է, շատ»:

«Հպարտանում ենք այդպիսի երեխու համար, բայց մեր սրտի ցավն այնքան շատ է…»

Հայրը պատմում է, որ Վահեն մեծ ոգևորությամբ է բանակ գնացել ու թեև հնարավորություն է ունեցել բանակ չգնալու, չի ցանկացել դրանից օգտվել: «Հոկտեմբերյանում է ծառայել՝ «ուչեբկա»: Մինչև հիմա իր հրամանատարությունը մեզ հետ կապի մեջ է: Այնտեղ էլ է հարգանք վայելել: Մի քանի անգամ գնացել ենք իր մոտ՝ Ջեբրաիլ: Միշտ գոհ է եղել, շնորհակալ: Հրամանատարները միշտ լավ խոսքերով ընդունել են: Ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող է պատահի՝ ինքը…»,- ասում է Վահեի հայրը: Նրա խոսքը շարունակելով՝ մայրը՝ տիկին Անժելան, նշում է, որ որդին ծառայությունից երբեք չի դժգոհել, չի տրտնջացել. «Հակառակը՝ ասում էր՝ քիչ մնաց, արդեն վերջացնում եմ»: «Իրեն այս վերջում նույնիսկ արձակուրդ էին հատկացրել: Չհամաձայնեց: Այս գործողություններից առաջ կարող էր տուն գալ: Պարզապես, քանի որ մենք այստեղ չէինք, չհամաձայնեց, ասաց՝ իմաստ չեմ տեսնում, 2-3 ամիս է մնացել, կգամ: Ոչ մի հարցում ոչ մի անգամ չի բողոքել: Միշտ գոհ է եղել թե՛ տեղից, թե՛ ընկերներից, թե՛ վերադաս հրամանատարությունից»,- ասում է Վահեի հայրը:

Որդուն հայրը բնութագրում է՝ որպես լուռ, համեստ երեխա, ով կարողացել է հարգանք ձեռք բերել: «Այսօր, երբ ես տեսնում եմ, թե ինչ մարդիկ են գալիս, ինչ մարդիկ են իր հետ շփվել՝ մնում եմ ապշած: Ինքը կարողացել է ստեղծել, վայելել այդ հարգանքը»,- ասում է հայրը: Վահեի մայրն էլ ասում է, որ որդին զուսպ է եղել, պահանջկոտ չի եղել. «Մեզ միշտ հույս էր տալիս՝ գալու եմ, լավ է լինելու, գալու եմ, պապային օգնելու եմ, գալու եմ, մենք ավելի լավ ենք լինելու, չմտածեք, քիչ մնաց: Միշտ հույս տվող էր: Չեմ կարող մի բացասական բան ասել. կարող եք շրջապատից էլ հարցնել: Աստված մեզ հետ շատ դաժան վարվեց: Չգիտեմ: Ես՝ որպես մայր, դեռ սպասում եմ»:

Ապրիլի 2-ին ծնողները խոսել են Վահեի հետ:

«Զանգել է, ասել՝ մենք պալիգոններ ենք գնում, ամեն ինչ նորմալ է, ես կզանգեմ: Արդեն լսելով լուրերը՝ եկել ենք այստեղ, սկսել ման գալ: Այնտեղից հետաքրքրվում էինք, ոչ մի բան չէին կարողանում ճշտել: Մեկն ասում էր՝ տեսել ենք, մեկն ասում էր՝ դիրքերում են: Հետո եկանք այստեղ, ամեն ինչ պարզվեց»,- պատմում է Վահեի հայրը՝ նշելով, որ Վահեն ու Արցախում զոհված Նորիկ Գասպարյանը մոտ ընկերներ են եղել.

«Իրար հետ են եղել՝ շատ մտերիմ, շատ հարազատ: Ինձ նույնիսկ տվյալներ են հասել, որ Վահեն այդ տանկի մեջ չպիտի լիներ, ուղղակի իր ընկերն է եղել, կամավոր գնացել է նրա հետ: Մարդիկ տարբեր ձևով են ասում: Դրանք գուցե ենթադրություններ են, բայց մի քանի հոգի ասել են, որ այդ պահին հիմնականում կամավորականներ են գնացել»:

Հայրն ասում է՝ որպես ծնող՝ միշտ էլ հուսով են, սպասում են.

«Կյանքում հրաշքներ են լինում: Ծնողներ կան, որ գոնե տեսել են իրենց երեխեքին, թեկուզ իրենց երեխեքի դին հողին են հանձնել, բայց մենք դա էլ չենք տեսել: Մենք փակ հանձնել ենք հողին, պարզապես վշտում ենք, բայց հավատում ենք, որ կարող է պատահի՝ մի օր հրաշք լինի»: 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more