Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Չգիտեմ անմեղ մարդկանց ցմահ դատապարտելով ինչ են զգում դատավորները: Հնարավոր չէ, կարծում եմ, պատկերացնել: Նորից ու նորից եմ կրկնում, որ ցմահ դատապարտվածների մեջ նվազագույնը կան երկու հոգի,որոնք իրենց մեղսագրած հանցագործությունները չեն կատարել: Բավական է ուսումնասիրել նրանց քրեական գործերը, եւ դա ակնհայտ կդառնա (նույնիսկ իրեղեն ապացույցների բացակայության պարագայում: Հայաստանում իրեղեն պացույցները ոչնչացվում են: Դրանով համակարգը նաեւ ապահովագրել է իրեն): Ստեղծեք հանձնաժողով, ուսումնասիրեք Մհեր Ենոքյանի եւ երկկողմանի ծնողազուրկ Ցոլակ Պողոսյանի գործերը: Եւ կտեսնեք թե ինչպիսի հանցագործություններ են կատարել քննիչները, դատախազները, դատավորները: Նրանք ոչ միայն խոչնդոտել են հանցագործության բացահայտմանը, այլ իրենք են դարձել հանցագործներ: Մհեր Ենոքյանը երկու անգամ բանտից փախել է միայն մի բանի` իր գործը վերաբացելու համար: Բացեք այդ գործը, ճշմարտությունը չեք կարող «պահեստավորել» ու այդպես պահել քսան տարի: Եւ միթե անմեղ մարդկանց բանտ նետել ու նայել նրանց դանդաղ մահվան, ցմահ դատապարտելի արարք չէ: Մենք բոլորս այսօր ընդամենը անհաղորդ հանդիսատես ենք այս ներկայացմանը, մի բան պետք է ձեռնարկենք: