Aysor.am-ը գրում է. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը երեկ Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ: Կայքի հետ բացառիկ զրույցում բռնցքամարտիկն այդ հանդիպումից մանրամասներ ներկայացրեց:
- Արթուր, ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցել Հռոմի Պապի հետ Ձեր հանդիպումը, ի՞նչ մտքերով եք փոխանակվել:
- Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 11-ին, Վատիկանում: Ես Պապին պատմեցի բռնցքամարտիկի իմ կարիերայի մասին, ասացի, որ հավատում եմ Աստծուն: Նա օրհնեց ինձ, իմ գոտին, ես նրան իմ անվանական բռնցքամարտի ձեռնոցը նվիրեցի:
-Բոլորը գրում են այն մասին, որ նաև Ձեր չեմպիոնական գոտին եք նվիրել…
-Ոչ, միայն ձեռնոցներն եմ նվիրել, իսկ գոտին, ինչպես նշեցի, նրա կողմից օրհնվելու համար էր (ժպտում է):
- Ինքներդ Ֆրանցիսկոս Պապի կողմից որևէ նվեր ստացա՞ք:
- Հավատացեք, նրա օրհնանքն ամենամեծ նվերն էր, որը կարող էի ստանալ ու ստացա:
- Ի՞նչ տպավորություն ունեք Վատիկան այցելությունից և այդ հանդիպումից:
- Ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ հրաշալի տպավորություններ եմ ստացել Վատիկանից: Այս հանդիպումն ավելի քան հիշարժան է ինձ համար, քանի որ հանդիպեցի Հռոմի Պապին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում