▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակցությունների սեղանին դրված է 1997թ. առաջարկը, ուրիշ հեքիաթի չհավատաք

Կառավարության նիստերի դահլիճում այսօր ՀԱԿ 2-րդ (20-րդ)համագումարին «Լեւոն-Լեւոն» վանկարկումներով, ծափողջյուններով հոտնկայս ներկաները դիմավորեցին ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Իր ելույթում նա նշեց, որ երկրի բոլոր չարիքների, արդարադատության չգործման, մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է:

Ըստ նրա՝ դեֆոլտն ու ապրիլյան իրադարձությունները պետք է, որ սթափեցնեին ՀՀ իշխանություններին՝ փոխելու Ղարաբաղի հարցում աղետաբեր մարտավարությունը, սակայն, նրա խոսքով, վարչախմբի վարվելակերպը հիասթափեցնող էր:

Նա անդրադարձավ այս օրերին ամենից հաճախ կիրառվող ազգ-բանակ եզրույթին. «Մի կողմ թողնելով այս գաղափարախոսության հետ կապված հազար դրամի նոր հարկատեսակի կիրառումը, ես կանդրադառնամ միայն քաղաքական բովանդակությանը: Դրա համար պետք է պարզել՝ ինչ է թաքնված նման հասկացողության տակ: Աշխարհում եղել է «ազգ-բանակ»-ի երեք հաջողված փորձ»:

Ըստ նրա՝ «ազգ-բանակ» եզրույթի հայկական տարբերակի ճարտարապետները պարտավոր են պատասխանել հետեւյալ հարցերին՝ ի՞նչ խնդրի լուծմանն է ուղղված այն, թե որքան ռեսուրսներ են պետք՝ այն իրականացնելու համար. «ՀՀ իշխանությունները մեծ հույսեր են կապում սփյուռքահայերի հետ: Դա բացարձակ ցնորք ու ինքնախաբեություն է: Ինչո՞ւ նա պետք է օգնի, երբ երկիրը թալանվում է իշխանությունների կողմից: Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել իշխանությունների կողմից տնտեսական թալանի մասշտաբը, ապա ասեմ, որ այն միանգամայն բավարար կլիներ այսօր երեք հարյուր հազար բնակչություն ունեցող Ղարաբաղի ու գերժամանակակից սպառազինությամբ հագեցած բանակ ունենալու համար: Եթե տնտեսության վիճակը ողբալի չլիներ, ապա իշխանությունները զոհված զինվորների ընտանիքներին աջակցելու համար չէին ընդունի այդ հազար դրամների խայտառակ օրենքը: Սա ծայրահեղ հարված հասցրեց պետության արժանապատվությանը, ծաղրի առարկա դարձրեց մեզ ամբողջ աշխարհի առաջ»:

Նրա վստահեցմամբ՝ «ազգ-բանակ» գաղափարից տպավորությունն այն է, որ սա նպաստելու է արտագաղթի խթանմանն ու ՀՀ, ԼՂՀ վերջնական հայաթափմանը. «Վարչախումբը մտադիր է սա իրականացնել ազգի վերացման գնով: Որոշ ժամանակ անց մենք կարող է հզոր բանակ ունենանք, սակայն հարց է՝ մենք ազգ կունենա՞նք, թե ոչ: Վարչախումբը այս գաղափարով նպատակ ունի նախընտրական մի նոր բրենդ ստեղծել՝ ազգովին դառնանք ֆիդայի, Ստամբուլը արյան ծով, ոչ մի թիզ հող եւ այլն: Գաղափարն այս հեքիաթների շարքից է: Նախորդ փուչիկների պես սա եւս կպայթի: Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ սա ստատուս քվոյի պահպանում է՝ ուրիշ փաթեթավորմամբ: Իշխանության սիրելի մարքեթինգի կառավարում է սա՝ սպառողին ձանձրացրած բրենդը մեկ այլ գեղեցիկ բրենդով են փոխարինել»:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ կարեւոր է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. «Մինչդեռ մեր իշխանությունները որդեգրել են հավերժ առճակատման անհեռանկար քաղաքականությունը: Դա նշանակում է եւս տասնութ տարի շարունակել ազգի կեղեքումը, երբ ՀՀ-ից, ԼՂՀ-ից բան չի մնա: Հակամարտության կարգավորումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է: Լուծեք այդ խնդիրը, մյուսները լուծվում են ինքնըստինքյան՝ դա ԼՂՀ փուլային տարբերակն է, որից հետո լուծվում  է նաեւ Թուրքիայի հարցը: Այս պահին բանակցությունների սեղանին դրված է 1997թ. նույն առաջարկը: Սա է, ուրիշ բան չկա, ուրիշ հեքիաթի չհավատաք: Հիմքեր ունեմ կասկածելու նաեւ, որ 1997թ. ավելի ցածր կարգավիճակ ունի սեղանին դրված լուծումը»:

Նա ընդգծեց, որ ընտրություններին ՀԱԿ հաղթանակի ու ԱԺ-ում պատկառելի ներկայություն ունենալու դեպքում որպես նախընտրական ծրագիր՝ պետք է առաջնորդվեն նոր սպառազինությունների բացառման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակներով:

 

Ուղիղ միացումը`Ազատություն ռադիոկայանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more