▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բացահայտե՛ք Ռուբեն Վարդանյանի դեմքի վնասվածքների պատճառները»․ կոչ՝ ԿԽՄԿ-ին

***

«Հիմնավոր հիմքեր ունենք արձանագրելու, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայ բանտարկյալների նկատմամբ առկա են խոշտանգումների հետքեր»,- Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասաց Արցախի Մշակույթի և կրթության նախկին նախարար Նարինե Աղաբալյանը՝ ընթերցելով կոչ-նամակը․ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես անկախ կազմակերպություն պարտավոր է գործել համաձայն իր մանդատի և միջազգային մարդասիրական հիմնարար սկզբունքների։ Կոչ ենք անում անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին՝ անկախ բժշկական գնահատում իրականացնելու նպատակով, ապահովել նրա առողջական վիճակի անկողմնակալ մշտադիտարկումը և երաշխավորել, որ նա ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն։ Անշուշտ նույն մոտեցումը պետք է կիրառելի լինի նաև մյուս հայ բանտարկյալների նկատմամբ»,- նշեց Աղաբալյանը:
Վերոնշյալ կոչ-նամակը, որին միացել են 40 և ավելի կազմակերպություններ, հանձնվեց Կարմիր խաչի գրասենյակին։

***

«Փետրվարին ԿԽՄԿ-ն այցելել է կալանավորներին։ Կոնֆիդենցիալ է, բայց Ռուբեն Վարդանյանին այցելել են հենց հացադուլի ժամանակ»,- լրագրողներին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Տեսակցության շրջանակներում եղել է նաև բժշկական չեզոք անձնակազմ, որը հնարավորություն է ստացել չեզոք բուժզննում անցկացնել։ Որևէ մանրամասներ, թե ինչ ենք մենք արձանագրում, չենք կիսում հանրության, ընտանիքի, ՀՀ իշխանությունների հետ, դրանք վերաբերվում են տվյալ երկրում անազատության մեջ գտնվող անձանց համար պատասխանատու իշխանություններին»,- ասաց Ամատունին՝ նշելով, որ իրենց կողմից արձանագրված ցանկացած բան քննարկվում է, սակայն չի կարող մեկնաբանել՝ խոշտանգման հետքեր նկատե՞լ են, թե՝ ոչ։

Անդրադառնալով գերիների՝ ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու հնարավորությանը, Զառա Ամատունին ասաց․ «Երբ ասում ենք` հեռախոսակապի հնարավորություն է տրվում, շատ դեպքերում դա ընկալվում է, թե անվերապահորեն բոլորն օգտվում են դրանից։ Միայն հեռախոսակապ չէ, կապի տարբեր միջոցներ են կիրառվում, և դրանց մի մասը հատուկ համաձայնեցվում է Ադրբեջանի իշխանությունների հետ, այնինչ հիմնական կապը, որ թույլատրվում է, դա Կարմիր խաչի նամակներն են։ Շատ դժվար է ասել` ինչը կարող է անձին դրդել հրաժարվել կապից։ Մարդիկ գտնվում են իրենց համար ոչ բնական պայմաններում, տարբեր որոշումներ կարող են կայացնել` իրենց վիճակից լինելով։ Բայց յուրաքանչյուր տեսակցության ընթացքում մենք նրանց փոխանցում ենք նամակներ կամ ուղերձներ իրենց հարազատներից»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more