▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտ հաշվեհարդար` հուլիսյան ցույցերի մասնակիցների նկատմամբ. ՀՔԱՎ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը զբաղվում է «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքների մասնակիցների եւ ոստիկանության բաժիններ անօրինական ձեւով բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությամբ, հայտարարություն է տարածել.

«Հավաքների մասնակիցներ Հովհաննես Ղազարյանին եւ Գագիկ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը [….] իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը, իսկ Հրաչյա Բոյաջյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելը՝ վերջիններիս ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետելը:

Առաջին դեպքում պատիժ է սահմանված 3-8 տարվա, իսկ երկրորդի դեպքում՝ մինչեւ 5 տարվա ազատազրկում:

Երկու դեպքում էլ բազմաթիվ են եղել փաստաբանների կողմից հրապարակումներն առ այն, որ կալանավորված անձանց առաջադրված մեղադրանքները շինծու են եւ չհիմնավորված:

Իսկ ահա նույն իրադարձությունների ժամանակ ոստիկանական գործողություններից տուժած անձանց գործերով ոչ մի առաջընթաց չկա այն դեպքում, երբ ակնհայտ են ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողությունները. մեծ թվով ցուցարարներ անօրինական բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, ընդհուպ մինչև՝ ոստիկանության ներքին զորքերի զորամաս, պահվել ժամերով, խոշտանգվել, ենթարկվել բռնությունների:

Տուժել են նաեւ Սարի թաղի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք եւ անչափահաս երեխաներ:

Ոստիկանական գործողություններից տուժած Մովսես Շահվերդյանի, Հովհաննես Հարությունյանի եւ Սիլվա Արշակյանի ներկայացուցիչներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանի, Սյուզաննա Սողոմոնյանի եւ Անի Չատինյանի, ինչպես նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներգրավված փաստաբան Արտուր Հարությունյանի հարցումներին ի պատասխան՝ ՀՀ Հատուկ Քննչական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Սարի թաղում  հարակից տարածքներում տարբեր անձանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում որեւէ անձի մեղադրանք չի առաջադրվել:

Սրանով իրավասու մարմինները ակնհայտ տարբերակված մոտեցում են ցուցաբերում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more