▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ հողերը հիմա տալիս են թուրքին. Դա հիմա քո պրոբլեմն է, չէ՞, товарищ Путин». Զորի Բալայան

1in.am-ը գրում է. Գրող, հրապարակախոս, «Արցախի հերոս» Զորի Բալայանի հռչակավոր նամակը «ռուսաց թագավորին», որը գրվել է 2013 թ. հոկտեմբերին, քննարկվում էր ամիսներ շարունակ: Արձագանքեցին հազարավոր մարդիկ, հազարավոր քաղաքացիներ՝ սկսած հայկական մամուլից, հայտնի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներից, արվեստագետներից ու մտավորականներից մինչև Հայաստանի շարքային քաղաքացիներ և սփյուռքահայեր, որոնք համարեցին, որ այդ նամակը վիրավորել է իրենց ազգային արժանապատվությունը, որ դա ընդհանրապես դեմ է Հայաստանի անկախ պետականության գաղափարին և ինքնիշխանությանը:

Ռուսաստանի նախագահ Պուտինը, իհարկե, չպատասխանեց հայ գրողին, բայց նամակի արձագանքները Հայաստանում պահպանվում են առ այսօր: Երկու ամիս առաջ նամակի մասին հիշեց նաև Ռուբեն Հախվերդյանը, երբ խոսում էր հայ-ռուսական հարաբերությունների մասին: Երգիչը չափազանց խիստ արտահայտվեց՝ ասելով. «Զորի Բալայանը վերջերս գրեց «նամակ ռուսաց թագավորին», որի գլուխը կարելի էր ջարդել հենց էդ տխմար նամակի պատճառով»:

Մարդկանց սաստիկ զայրույթը երևի պատահական չէր: Բալայանի գրածն էլ պարզապես նամակ չէր: Եվ այս առումով պետք է նախ հասկանալ, թե ի՞նչ մտածողության հետևանք է սա, որտե՞ղ են սրա արմատները: Ըստ էության, դա անկախական մտքի բացակայության և ստրկամտության խայտառակ ցուցադրություն էր և փաստացի խնդրագիր-հրավեր էր Կրեմլին՝ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն ու վերահսկողություն սահմանել նաև այդ շրջանի վրա:

Այստեղ պետք է ընդգծել, որ նամակը պատահական շրջանում չի գրվել: Գրվել էր «սեպտեմբերի 3-ի» Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, որ Հայաստանը միանալու է Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային կամ Եվրասիական միությանը: Դրանից ընդամենը մեկ ամիս անց պարոն Բալայանը գրում է իր նամակը՝ առաջարկելով Մոսկվային լուծել «Ղարաբաղի խնդիրը»: Թե ուրիշ ինչ էր գրել նա իր լայնածավալ նամակում, այլևս չէր հետաքրքրում որևէ մեկին:

Զորի Բալայանի նամակը «ռուսաց թագավորին» պետականության բացակայության պայմաններում դարերով հայության մեջ արմատացած ստրկամիտ մտածողության վառ դրսևորում է կամ Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ՝ «քաղաքական իմպոտենցիայի խոստովանություն», որը Արևելյան Հայաստանի՝ ցարական Ռուսաստանին միացնելուց հետո, փաստորեն, վերաճեց ռուսահպատակության: Հրապարակախոսը հենց այդ շրջանն է դարձնում ելակետ՝ անդրադառնալով Գյուլիստանի 1813 թ. և Թուրքմենչայի 1828 թ. պայմանագրերին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, երբ Արևելյան Հայաստանը ընդգրկվեց Ռուսական կայսրության կազմի մեջ, այսինքն՝ երկու օտար պետություններ լուծեցին մեր հարցերը:

Բալայանի առաջ քաշած թեզը՝ «Ղարաբաղի խնդիրն ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է», հենց այս տրամաբանության շրջանակներում է, որ Ռուսաստանը ինչպես 19-րդ դարում, այնպես էլ հիմա պիտի փրկի խեղճ ու կրակ հայերին օտար զավթիչներից, տվյալ դեպքում՝ լուծի Լեռնային Ղարաբաղի հարցը: Ռուսաստա՛նը պիտի լուծի Ղարաբաղի հարցը, ոչ թե Հայաստանն ու Արցախը, ոչ թե հայերը, որ արյուն են թափել պատերազմի դաշտում:

Նամակի հեղինակը, սակայն, կտրականապես և սկզբունքորեն համաձայն չէ այս մեկնաբանության հետ: Նա այն ժամանակ էլ հայտարարեց, որ իրեն սխալ են հասկացել, այսօր էլ պնդում է, որ իր խոսքերը խեղաթյուրվում են, ինքը չի ասել, թե «Հայաստանը կամ Ղարաբաղը պիտի տանք ռուսներին»:

Զրույցում Զ. Բալայանը հայտարարեց, որ իր նամակն ընդհանրապես այլ կերպ է վերնագրված եղել,ինքն այնտեղ խոսել է Նախիջևանի, Գարդմանքի, Կիրովաբադի, Չարդախլուի խնդիրների մասին:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more