▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղեստամոքսային տրակտի խանգարումներն անխուսափելի են.Կանթնամթերքի փորձաքննության հետքերով

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն փորձաքննության է հանձնել կաթնամթերքի սպառման հիմնական շուկան ապահովող արտադրողների որոշ արտադրատեսակներ («Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Արզնի կաթ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ և «Չանախ» ՍՊԸ–ների որոշ արտադրատեսակներ): Հիմնականում հայտնաբերել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր, բորբոսասնկեր: 

«Ամբողջ տարվա ընթացքում խոսվում էր կաթնամթերքում առկա տարբեր խնդիրների մասին: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո, ցավոք, մտահոգությունները միայն ավելացան, քանզի հաղորդագրությամբ ոչ միայն չտրվեցին հանրությանը հուզող հարցերի պատասխանները, այլև առաջացան նոր հարցեր: Հաղորդագրության մեջ ասվել էր, որ ուսումնասիրվել է կաթնամթերքի շուկան ու նշել էին ինչ-որ ընկերությունների և ոչ խոշոր խաղացողների: Բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ սպառման հիմնական ծավալները չէին ապահովելու այս ընկերությունները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով.

«Առջևում Ամանոր է և կաթնամթերքները, որոնք սպառելու ենք, առանց այն էլ ավելի երկար ենք պահելու, որովհետև դեկտեմբերի 30-ից դադարելու է արտադրությունն ու վերսկսկվելու է հունվարի 5-6-ին: Փորձաքննության ընթացքում խոշոր խաղացողներից չգտնվեց մեկը, որի արտադրանքում խախտում չհայտնաբերեցինք: Եվ սա միայն 3-4 անվտանգության ցուցանիշով: Իսկ, թե ինչ կլիներ, եթե ստուգեինք անվտանգության բոլոր ցուցանիշների մասով, չեմ կարող ասել: Կարևոր է նաև ստուգել հակաբիոտիկների առկայությունը, որը, ցավոք, մի փոքր թանկ է ու դրա գումարը չունենք»:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահը հորդորում է լիազոր մարմնին՝ հսկողություն իրականացնել, հակառակ պարագայում ուղղակի աղեստամոքսային տրակտի խանգարումները հատկապես Ամանորին՝ անխուսափելի են.

«Պետք է փորձենք օգտագործել այն կաթնամթերքը, որի պիտանելիության ժամկետը կարճ է, չնայած լինում են արհեստականորեն պիտանելիության ժամկետները երկարացնելու դեպքեր»,-նշեց Բաբկեն Պիպոյանը:

Իսկ, թե որո՞նք էին ամենաղտոտված կաթնամթերքները՝ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահը նկատեց.«Արզնի կաթ»-ն ու  «Չանախ»-ը:

Անի Կարապետյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more