▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում զոհված Հակոբ Խաչատրյանի ընտանիքում նոր Հակոբ է ծնվել

Արցախում զոհված Հակոբ Խաչատրյանի ընտանիքում նոր Հակոբ է ծնվել

Քարքարոտ ու փոշոտ ճանապարհին հեռվից ՀՀ-ի ու ԼՂՀ-ի դրոշներն են երևում Աղաձորի բլրակներից մեկի վրա: Մեքենան մի կերպ տեղ է հասնում. 2015 թվականին զոհված Հակոբ Խաչատրյանի գերեզմանն է: Շուրջբոլորն ամայություն է, և, կարծես, Հակոբը մահից հետո էլ շարունակում է բլրակի գագաթից հսկել հայրենի գյուղի ու Արցախի խաղաղությունը:
Լուռ նայում ենք Հակոբի նկարին, լռությունը միայն ուժեղ քամին է խախտում և հեռվից մոտեցող մեքենայի ձայնը: Հերոսի հայրն է շտապում տեսնել որդու շիրիմին այցի եկած երիտասարդներին: Վայրի վարդերի փունջը ձեռքին նա իջնում է մեքենայից ու դեռ մեզ չբարևած վազում է տղայի շիրիմի մոտ, համբուրում գերեզմանաքարը, արտասվում և հետո նոր բարևում մեզ.
- Կներեք, տղամարդ եմ ու արտասվում եմ,- ասում է նա:
 
Զարմանալի է, հերոսի հայրը, որի որդին մեր խաղաղության համար է զոհվել, մեզնից ներողություն է խնդրում:
- Այ այստեղ մատուռ եմ կառուցելու,- գերեզմանի շրջակայքը ցույց տալով ասում է նա ու վրա բերում,- շուրջբոլորն էլ 19 վարդ եմ տնկել՝ Հակոբիս ապրած տարիների քանակով: Զինվորի հայրը կրկին նույն «կներես»-ն է ասում, բայց արդեն որդուն, քանի որ չկարողացավ փրկել իր միակ տղայի կյանքը: Ու դրանից հետո հայրն առաջին անգամ ժպտում է սրբելով արցունքները:
- Իմ ընտանիքում նոր Հակոբ է ծնվել, աղջիկս նորածին տղային եղբոր անունն է տվել,- շտապում է լավ լուրը մեզ հայտնել ու հրավիրում է տուն՝ հանգստանալու և փոքրիկին տեսնելու:
Հուզված ու լավ լուրից մի փոքր ոգևորված մոտենում ենք Խաչատրյանների տանը: Առաջին բանը, որ նկատում եմ լվացքի պարանին փոքրիկ Հակոբիկի շորերն են, որոնք ուժեղ քամին աջ ու ձախ տանում:

Մտնում ենք ներս, փոքրիկ Հակոբիկը քնած է մոր գրկին, նա դեռ չի հասկանում՝ ինչու է իր կողքի պահարանին քեռու բազմաթիվ լուսանկարները դրված, որին նա այդպես էլ չի տեսնի: Նորածնի կաթի շիշը քեռու մեդալների կողքին է, տունը փոքր է, շիշն ու մեդալները պատահաբար են «հարևաններ» դարձել, բայց այդ տեսարանը, կարծես, հերոսության ու կյանքի շարունակականության խորհրդանիշ լիներ: 

Արցունքներին աչքերին և միևնույն ժամանակ ժպտալով հերոսի մայրն ու քույրը դիմավորում են մեզ և առաջինն այս հարցն են տալիս.
- Նման է չէ՞ Հակոբին:
 
Դրականի պատասխանից հետո միայն շտապում են մեզ հյուրասիրել: Մեր աղմուկից փոքրիկն արթնանում է: Նորածին Հակոբի մայրը վարագույրի հետևից հաշվում է, թե քանի բաժակ սուրճ է եփելու, իսկ հերոսի հայրը շարունակում է որդուն հիշել: Դժվարությամբ է համաձայնվում, թե որդու անունը կրող թոռնիկը կարող է փոխարինել զոհված Հակոբին:
- Բալես, արի գնանք բախչա, մի քանի բան քաղենք, բերենք էրեխեքն ուտեն,- ինձ է դիմում. միանգամից համաձայնում եմ:
Քայլում ենք տան բակով, որտեղ տարիներ առաջ Հակոբն է վազվզել, ու մեկ-երկու տարի հետո էլ Հակոբիկն է վազելու և խաղելու: Դեղձի ծառի մոտ հայրը կրկին հիշում է որդուն ու սահմանն այսօր հսկող զինվորներին:
- Էստեղ շատ զինվորները կան, էս տարի արդեն 30 կգ-ից ավել կոնֆետ եմ առել, ամեն օր զինվորներ են գալիս, տալիս եմ, թողնում եմ ծառերից էլ գան քաղեն:
Ու հենց այդ պահին մի զինվոր է անցնում, հայրը կանչում է, մի քանի դեղձ պոկում ծառից, տալիս զինվորին: Խնձորներով ու դեղձերով լի դույլով վերադառնում ենք տուն, նորածին Հակոբը քնել է, տատիկն էլ մեր աղջիկներին զոհված որդու լուսանկարներն է ցույց տալիս: Սուրճն ենք խմում, համտեսում արցախյան դեղձն ու դուրս գալիս Խաչատրյանների տնից:
Ճանապարհելուց առաջ հերոսի հայրը մի բան է մաղթում մեզ՝ Խաղաղություն:
- Թող խաղաղ լինի մեր երկիրը, չեմ ուզում, որ մայրերը վախենան տղա ունենալուց:
Պապիկի հենց այդ խոսքի վրա նորածին Հակոբիկը արթնանում ու բարձր ձայնով լալիս է. նրա ձայնը լսվում է անգամ բակում: Այդպես փոքրիկն, ասես, հակառակվելով պապիկին, ասում էր. «Տղա ունենալուց չպետք է վախենալ, մենք կպաշտպանենք մեր երկիրը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more