Կարապետ Գալստյանի պատմությունը
1910 թ., Կարս
Անժելա Գալստյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: Երբ գաղթը սկսվել է, Կարապետի մայրը՝ Գայանեն, իր երկու երեխայի հետ հեռանում է դեպի Ալեքսանդրապոլ՝ եղբոր մոտ, բայց եղբայրը չի ընդունում նրանց և ստիպված են լինում գնալ Երևան:«Այս պատմությունը իմ պապիկի մասին է: Կարսում նրանք ապրել են Ղարսաչայի մայլեն, կամուրջի մոտ գեղեցիկ տուն են ունեցել՝ պատշգամբով, որը նայում էր դեպի գետը:Պապիս ծնողների անունը եղել է Գալստյան Զորհաբ Գալուստի, Գալստյան Գայանե: Նրանց երեխաներն են՝ Գալստյան Կարապետը(պապս) ծնված 1910թ., և Գալստյան Ամալյան՝ 1914 թ.: Նրանց հայրը մահացել էր մինչև. Կարսից հեռանալը:
Երբ գաղթը սկսվել է, մայրը՝ Գայանեն, իր երկու երեխայի հետ 1920-ին հեռանում է դեպի Ալեքսանդրապոլ՝ եղբոր մոտ, վերցնելով մի քիչ հագուստ ու ոսկեղեն, բայց եղբայրը չի ընդունում նրանց, նրանք էլ գնում են Երևան: Գայանեն ծանոթ ընկերուհի է ունենում, ում տանն էլ ապրում են որոշ ժամանակ, բայց շուտով հիվանդանում է տիֆով:Կարապետը և Ամալյան մի օր դորս են գալիս ուտելիք փնտրելու, ցավոք Կատապետը քրոջը կորցնում է, ահագին ժամանակ փնտրում է, բայց չի գտնում: Վերադառնում է տուն, տեսնում է, որ ոչ մայրը կա, ոչ էլ այդ կինը, չկար նաև ոսկեղենը, սակայն հայտնի չէ, թե որտեղ էր մայրը:
Շարունակում է փնտրել քրոջը: Պապիկիս տանում են «Ամերկոմի» որբանոցը, որը գտնվում էր Ալեքսանդրապոլում (Գյումրի): Տարիներ հետո նորից սկսում է փնտրել քրոջը տարբեր որբանոցներում, բայց չի գտնում: Պապս ապրել է Լենինականում մինչև 1971 թվականը: Հիմա հայրս և մենք շատ ենք ցանկանում գտնել հայրիկիս հորաքրոջը, որպեսզի պապիս երազանքը կատարվի»: