Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Պակիստանն ու Ադրբեջանը ցանկանում են ստեղծել համատեղ ռազմական ձեռնարկություններ:Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը՝ Բաքուն ցանկանում է գնել Իսլամաբադից գերճշգրիտ զենքեր:
Պակիստանա-ադրբեջանական հարաբերությունները բարձրացվում են որակական նոր մակարդակի վրա՝համատեղ զորավարժություններ, ձեռնարկություններ, Բաքվի կողմից պակիստանյան զենքերի ու զինատեսակների գնում՝դա արվում է տնտեսական, առևտրային, էներգետիկ կապերը զարգացնելուն զուգընթաց:
Պակիստանը միջուկային տերություն հանդիսանալով բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե տնտեսական ներուժը՝ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար: Հիշեցնենք, որ պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի(Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը հայտարարել էր, որ Պակիստանը պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով:
Նա նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա:Ըստ նրա, JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:
Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով:
Պակիստանցի բարձրաստիճան զինվորականը չի բացառել նաև Բաքվին որոշակի տեխնոլոգիաների փոխանցման հնարավորությունը՝դա կարող է կապված լինել այդ կործանիչների տեխսպասարկման ու հրթիռային տեխնոլոգիաների հետ: Այսպիսով, Պակիստանը կարող է դառնալ <<երկրորդ Իսրայելը>> Բաքվի համար՝ռազմա-տեխնիկական համագործակցության ու զենքերի գնման առումով:
Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին:
Ի՞նչ պետք է անի ՀՀ-ը՝պակիստանա-ադրբեջանական ռազմավարական, ռազմական տանդեմին հակադրվելու, սեփական զինված ուժերը նոր տեխնիկայով համալրելու համար:Առաջին՝ռազմա-տեխնիկական համագործակցության մեջ մտնել Հնդկաստանի հետ՝Պակիստանի թիվ մեկ ռազմավարական հակառակորդի: Երկրորդ՝Ադրբեջանը վերջերս Բրազիլիայից գնեց հակատանկային համակարգեր՝մի երկիր, որը հեռու է գտնվում տարածաշրջանից, սակայն ադրբեջանական գումարները բավական էին, որ Բրազիլիան,որտեղ ի դեպ առկա է նաև բավականին ստվար հայկական համայնք, զենք վաճառի Ալիևին:
ՀՀ-ը էլ իր հերթին՝համապատասխան գումարներ հայթայթելու դեպքում՝նոր կառավարությունը հենց դրա համար է կոչված՝այլ ոչ մամուլի համար ինֆորմացիոն, PR առիթներ ստեղծելու զենքեր գնել, օրինակ Հունաստանից(Ադրբեջանը զենքեր է գնում Թուրքիայից), Արևելյան Եվրոպայի երկրներից՝արդիականացնելով՝ՀՀ-ը ունի այդ ներուժն ու ռազմա-արդյունաբերական ձեռնարկությունները, խորհրդային արտադրության զենքերն ու զինատեսակները, փորձել ռազմական կոոպերացիայի մեջ մտնել նաև նոր շուկաների հետ՝Ասիայում՝Չինաստան, Հարավային Կորեա և այլն:
Չմտնելով Ադրբեջանի հետ սպառազինությունների թանկարժեք ու հյուծիչ մրցավազքի մեջ ՀՀ-ը պետք է ընտրի սեփական ռազմա-արդյունաբերական համալիրն արդիականացնելու, օտար ներդրումներ՝համատեղ ձեռնարկությունների ձևով երկիր ներգրավելու համար՝առաջին հերթին մարզեր, ինչը նոր աշխատատեղեր և մուլտիպլիկացիոն էֆեկտ կարող է ստեղծել մարզերում տնտեսական կյանքի ակտիվացման ու արտագաղթի դադարեցման համար: Կադրերի պատրաստումն էլ պետք է սկսել երիտասարդների շրջանում՝ավելացնելով այդ ուղղվածության ֆինանսավորումն ու օգտագործել Սփյուռքի ներուժն ու կադրերին: