Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 16-ին ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Գուրգեն Սարգսյանը: Զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր ԼՂ զինվորական հոսպիտալ:
armtimes.com-ը գրում է. Գուրգեն Սարգսյանին քիչ առաջ տեղափոխել են Երեւան՝ «Մուրացան» կլինիկական զինվորական հոսպիտալ: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս պահին Գուրգենին հետազոտում են եւ դեռ պարզ չէ, թե ինչպես է նրա վիճակը:
Մուրացան հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանն էլ մեր զրույցում ընդգծեց, որ դեռ ոչինչ չի կարող ասել. «Նոր են բերել, հետազոտում են, վիճակը ծայրահեղ ծանր է, տեսնենք ինչ կարող ենք անել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Գուրգեն Սարգսյանի հարազատ Վայոց Ձորի մարզի Հորբատեղ համայնքի ղեկավար Գագիկ Սանդրոսյանն ասել էր, որ Գուրգենի վիճակն այնքան վատ է, որ նրան նույնիսկ հնարավոր չէ Երեւան տեղափոխել:
Քիչ առաջ զրույցում Սանդրոսյանն ասաց, որ 20 րոպե առաջ է զրուցել Գուրգենի հարազատներից մեկի հետ, ասել են, որ ուղղաթիռով Երեւան են տեղափոխել. «Երեկ ասում էին, որ եթե ճնշումը կարգավորվի՝ կտեղափոխեն: Երեւի այսօր կարգավորվել է՝ տեղափոխել են: Դեռ այլ տեղեկություն չկա, թե ինչ վիճակում է»,- ասաց Սանդրոսյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում