Վաղուց արդեն հասարակության մեջ լայն տարածում ունեն հաղորդակցման հնարավորություն տվող սոցիալական ցանցերն ու վիրտուալ շփումը:
«Մենք չենք կարող ժխտել, որ այսօր ինտերնետը մեծ նշանակություն ունի, իսկ վիրտուալ շփումը՝ առավել ևս, քանի որ մենք ապրում ենք գերժամանակակից ժամականաշրջանում, սակայն սա այն բարիքն է, որը միևնույն ժամանակ նաև չարիք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Աննա Բադալյանը:
Անդրադառնալով համացանցից օգտվողների կախվածությանը՝ հոգեբանը նշեց, որ կանգ առնելու գործոնը շատ դժվարությամբ է մարդու մոտ աշխատում, քանի որ մեր օրերում հետաքրքրությունների շրջանակը գնալով լայնանում է:
«Մեծահասակների մոտ դա ավելի հեշտ է ստացվում, քանի որ կա պարքի ու պատասխանատվության զգացում, զբաղվածության խնդիր, ինչը չենք կարող ասել երեխաների մասին»:
Աննա Բադալյանը թվարկեց այն առավելությունները, որն ունի համացանցը. այն լայն հնարավարություն է ընձեռում մարդկանց տեղեկատվություն ստանալ տարբեր հարցերի վերաբերյալ, քանի որ այդպես է մեզ թելադրում կյանքի արագ ռիթմը, սակայն դրանց կողքին նշեց նաև դրա բացասական հետևանքները:
«Վաղ մանկական տարիքում, հատկապես՝ անցումային շրջանում, կախվածությունը համացանցից բերում է հոգեբանական լուրջ վիճակների: Առաջին հերթին երեխան ներանձնանում է, չի կարողնում կոնտակտի մեջ մտնել շրջապատի հետ, նրա համար հաղորդակցումը սահմանափակվում է զուտ համացանցի շրջանակներում: Սակայն իրական կյանքում նրանք անմիջական շփման ունակ չեն»,-ասաց հոգեբանը ՝ հավելելով, որ համացանցային կախվածությունը կարող է հանգեցնել նաև շատ լուրջ ֆիզիոլոգիական խնդիրների:
Հոգեբանը խոսեց նաև վիրտուալ կյանքով ապրող մարդկանց մասին, ովքեր իրական կյանում ունեն շատ բարդույթներ, անմիջական շփման հարթույթը չեն կարողնում պահել, այդ պատճառով էլ փորձում են ինքնարատահայտվել սոցիալական տարբեր կայքերում:
Աննա Բադալյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև ինտերնետային խաղերի խնդրին. որքանո՞վ են դրանք ազդում երեխայի ներաշխարհի և խոսքի ձևավորման ու զարգացման վրա:
Նա մասնավորապես նշեց. «Ինտերնետային խաղերը հոգեբանական տեսանկյունից ճկունացնում են երեխայի իմացական գործընթացները. լարում են ուշադրությունը, զարգացնում է երևակայությունը, սակայն դրանցից կախվածություն ունենալը լուրջ հետևանքների կհանգեցնի. շատ հաճախ դրանք երեխայի ագրեսիայի պատճառ են դառնում»:
Խոսելով մուլտֆիլմերի ու երեխայի վրա դրանց ազդեցության մասին՝ հոգեբանը նշեց, որ այդ հարցում նույնպես պետք է հետևողական լինել, քանի որ շատերի կողմից սիրած «Մաշան և արջը», «Թոմն ու Ջերին», «Դե սպասիր» մուլտֆիլմերը, «Հզոր ռենջերներ» ֆիլմը իրականում բացասական ազդեցություն են թողնում երեխայի հոգեկան աշխարհի վրա՝ նրա մեջ սերմանելով ագրեսիա:
Համացանցային կախվածությունից երեխաներին ազատելու համար մասնագետը խորհուրդ տվեց, որ ծնողները նրանցով ավելի շատ զբաղվեն, շփվեն նրանց հետ, նրանց տարբեր խմբակների տանեն՝ հավելելով, որ երեխան դառնում է ագրեսիվ ու համացանցից կախվածություն է ձեռք բերում այն դեպքում, երբ ընտանիքի կողմից չի ստանում հոգեբանական հույզերի համապատասխան պաշար:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան