Այսօր լրացավ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության 5-րդ ամիսը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն Asekose.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանից արդեն որևէ բան կախված չէ, քանի որ գործի հենց սկզբից իր լիազորությունները հանձնել է Ռուսաստանին:
«Մենք հիմա անորոշության մեջ ենք և կլինենք, ու ինչպիսի դատավճիռ էլ լինի, հասարակության որոշ մասին դա չի բավարարի, քանի որ ի սկզբանե այս գործը եղել է սխալ ուղու վրա», -նշեց Իշխանյանը:
Ըստ նրա՝ հիմա պետք է հանգիստ սպասել, տեսնել, թե ինչ վճիռ է կայացնելու ռուսական դատարանը:
Զրույցի ընթացքում անդրադառնալով նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խոստումներին՝ իրավապաշտպանն ասաց, որ նա ի պաշտոնե մեղմացնում էր հասարակության կրքերը և դրա համար պատրաստ էր ամեն խոստում տալ.
«Ուզում եք, որ հերթական անգամ ապացուցվի, որ Գևորգ Կոստանյանն անօգնական է, խնդրեմ, կարելի է ապացուցել.այդ ամենն ինքն էլ շատ լավ գիտի»,- իր խոսքը եզրափակեց Ավետիք Իշխանյանը: