Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազ»-ի սպանության կազմակերպման գործով վերդիկտն այսօր չհրապարակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը լրացուցիչ ապացույցի հետազոտման անհրաժեշտություն տեսավ, փոխարենը՝ որոշեց փոխել մեղադրյալների խափանման միջոցները։ Դատարանից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ և Ռուստամ Ստեփանյանի, և Աշոտ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով, համակցված գրավով՝ 5 մլն դրամի չափով և բացակայելու արգելքով։
Հատկանշական է, որ դատարանը նրանց կալանքի ժամկետը երկարացրել էր ընդամենը երկու շաբաթ առաջ, ինչից հետո սա առաջին նիստն է եղել, որի ընթացքում պետք է հրապարակվեր վերդիկտը, պարզ չէ, թե այս ընթացքում ինչ փոխվեց, որ դատարանը որոշեց կրկին անդրադառնալ խափանման միջոցին և փոխել այն։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2024թ․ հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել են բնակելի շենքերի մոտ։ Հունիսի 11-ին՝ ժամը 23։17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23։53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են ընդունվել երեք տղամարդ, որոնցից մեկը՝ 1988թ.ծնված տղամարդը, «պարանոցի շրջանի հրազենային վնասվածքով», ևս երկուսը՝ ծնված 1980թ., գլխի շրջանում։ Նրանց թվում էր նաև «Ֆազը»՝ Սերգեյ Գրիգորյանը, որը գլխի շրջանում ստացած հարզենային վնասվածքներից մահացել էր։
ՔԿ-ն հաղորդել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ: «LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ: Դեպքից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ սպшնության թելերը տանում են դեպի Ռուստամ Ստեփանյան, որն, ըստ շրջանառվող լուրերի, նաև կապ ունի գործող իշխանության որոշ ներկայացուցիչների հետ։ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Ա․Կյուրեղյանը՝ սպшնության կազմակերպման մեղադրանքով ձերբակալվել և կալանավորվել էին։


