▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք Փաշինյանի թշնամի՞ն եք, ուզում եք այս խոստումն էլ ձախողե՞լ». լրագրողը՝ Արմեն Մելիքբեկյանին

Դիտեք նաև՝

«Նիկոլ Փաշինյանը կառավարության ռազմավարության մեջ գրել է, որ խնդիր ենք դրել՝ մինչև 2050թ. պիտի դառնանք ֆուտբոլի Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մրցանակակիր: Դուք Փաշինյանի թշնամի՞ն եք, ուզում եք այս խոստումն էլ ձախողե՞լ»,- ասուլիսի ժամանակ դիմելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ հարցրեց լրագրողը: Պաշտոնյան նշեց, որ մինչև 2050թ. շատ ժամանակ կա. «Ես ոչ մի խոստում չեմ ուզում ձախողել: Առաջին շահագրգռվածն եմ, որ ՀՀ-ն 2050-ից էլ շուտ լինի մրցանակակիր»:

***

ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, որի համար օգտագործվում է մեծ ռեսուրսներ, մեդիադաշտ:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել ՀՖՖ աթոռին: Ցանկանում եմ համառոտ նկարագրել վերջին 5 տարվա գործունեությունը: ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում:

Այն մեղադրանքները, որոնք մեր հասցեին հնչում են, քննադատությունները, կոռուպցիայի մեջ մեղադրանքը, հասկանալի է, որ կեղծ են, երբևէ չհիմնավորված:

Ֆեդերացիայի գործունեության ընթացքում եղել է շրջան, որ ազգային հավաքականը հաղթեց Ազգերի Լիգայի C դիվիզիոնում, և այդ ժամանակ ֆեդերացիան անտեսվեց: Մենք դեմ չենք դրան, բայց երբ հավաքականը անհաջողություններ է ունենում, մեղավոր է միայն ֆեդերացիան:

Վրաստանից կրած խոշոր հաշվով պարտությունները շատ ծանր էին բոլորիս համար: Վրաստանի հավաքականի հետ վատ խաղալու շատ պատճառներ կային, չեմ ցանկանում անընդհատ անդրադառնալ: Կարող ենք խոսել, որ հավաքականի առաջատարները չէին խաղում, նոր մարզիչը ժամանակ չուներ, թիմի ֆուտբոլիստներից մի քանիսը չգոհացրին իրենց խաղով:   

Հասկանում ենք, որ դրանք շատ ծանր պարտություններ էին: Մինչ այդ երկու տարի մենք այս հաշիվներով պարտություններ չենք ունեցել:

Կա մի զանգված, որն անընդհատ ուզում է այդ պարտությունները տեսնել, որպեսզի անընդհատ բարձրաձայնի, քննադատի, մեղադրի ֆեդերացիային: Բոլորը պատասխանատու են այս պարտությունների համար՝ ֆեդերացիան, հավաքականը, մարզիչները, ֆուտբոլիստները: 

Կան երկու պատճառներ, որոնք այժմ մենք քննարկում ենք և ուսումնասիրում: Հանդիպումներ ենք ունեցել մարզիչների և ֆուտբոլիստների հետ: Նոր մարզիչը որոշ լուծումներ է տվել, բայց, հասկանալի է, որ նրան պետք է ժամանակ տանք»,- ասել է Մելիքբեկյանը:

Նա հիշեցրել է, որ այս տարվա հետ կապված կարևոր ծրագիր կա՝ Վրաստանի հետ համատեղ հայտ է ներկայացվել երիտասարդների աշխարհի առաջնությունն ընդունելու:

Ըստ Մելիքբեկյանի՝ կան շատ մարդիկ, որոնք կցանկանային, որ նշված նախագիծը ձախողվեր:

«Աշխարհի առաջնության հայտն ընդունելու որոշումը կայացվելու է այս տարի, հույս ունենք, որ Վրաստանի հետ մեզ կհաջողվի ստանալ աշխարհի առաջնությունը»,- ասել է նա:

***

Ինչպես հայտնել էինք, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ: Ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ «դա ի՞նչ կտա Հայաստանի հավաքականին կամ ՀՖՖ-ին՝ բացի իր՝ 20 հազար եվրո աշխատավարձից»: Մելիքբեկյանն արձագանքեց. «Դուք կտրուկ սուտ ասացիք»: «Դա ես չեմ ասում՝ մասնագետներն են ասում»,- ասաց լրագրողը՝ հավելելով՝ եթե սխալ է, նշել՝ աշխատավարձը որքա՞ն է կազմելու: «Ես բացարձակ դեմ չեմ լինի 20 հազար եվրո ստանալ, բայց նման բան չկա»,- արձագանքեց ՀՖՖ նախագահը: «Կարող եմ ասել՝ ով է ասում, «Փյունիկ»-ի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանն է ասում»,-պարզաբանեց լրագրողը: «Սուտ է ասում... Նախ, ես ստորագրում եմ կոնֆիդենցիալ թուղթ ու չեմ կարող հրապարակել որևէ տվյալ գործադիր կոմիտեի մասին: Երկրորդ, ՀՖՖ ներկայացուցիչն առաջին անգամ պատմության մեջ ընտրվել է եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի անդամ»,- հայտարարեց Մելիքբեկյանը: Լրագրողները շարունակեցին՝ ի վերջո, 20 հազարից ցա՞ծր եք ստանում, թե՞ բարձր: Մելիքբեկյանն ասաց՝ երբևէ չի մտածել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի աշխատավարձի մասին, այլ՝ թե ինչ կտա դա հայկական ֆուտբոլին. «Բնականաբար այդ թիվը շատ ավելի ցածր է 20 հազար եվրոյից»,- եզրափակեց պաշտոնյան:

***

Ընթացող ասուլիսի ժամանակ դիմելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս՝ այսքան ամոթալի պարտություններից հետո. «Մեկ ուրիշը ձեր փոխարեն գուցե ամոթից, հենց առաջին մի քանի պարտությունից հետո, հրաժարական տար: Ձեզ հաճելի՞ է ամեն պարտությունից հետո ֆան ակումբի տղաների կողմից այդքան կշտամբանքների ու ակցիաների արժանանալ»,- շարունակեց լրագրողը: «Ես հայտարարություն եմ տվել ու ասել՝ հրաժարական չեմ տալու և ինչու: Նոր մենք խոսում էինք երկար՝ ոլորտային և՛ հաջողությունների, և՛ անհաջողությունների մասին: Հրաժարականն ընդհանրապես ինստիտուցիոնալ խնդիր է ու շատ կարևոր է՝ ինչ են կարծում այն ինստիտուտի անդամները, որոնք ընտրել են քեզ: Բացառությամբ երկու ակումբի, մնացած բոլոր անդամների հետ պարբերաբար քննարկումներ ենք ունենում ու բոլորը հասկանում են և՛ զարգացման տեմպերը, և՛ խնդիրները»,- ասաց ՀՖՖ նախագահը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին